«ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻ ՄԱՀԸ ԱԶԴԵԼ ԷՐ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին եւ 12-ին ընկերական հանդիպումներ էր անցկացրել Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ: Հայ ֆուտբոլիստները 1:3 հաշվով զիջել էին կիպրոսցիներին, ապա 1:0 հաշվով առավելության հասել Մալթայի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ շատ դժվար էր հատկապես Մալթայի հետ մրցավեճում, քանի որ հավաքականի անդամները արդեն տեղյակ էին գլխավոր մարզիչ Յան Պոտերֆիլդի մահվան մասին. «Մենք մարզիչներով մի օր շուտ էին տեղեկացել, սակայն տղաներին միանգամից չասացինք: Խաղի օրը նրանք եւս տեղեկացան եւ դժվար էր, թե մեզ համար, թե ֆուտբոլիստների: Բարեբախտաբար կարողացանք հավաքվել եւ խաղալ, թեեւ սկբում խաղը չէր ստացվում, սակայն աստիճանաբար հունի մեջ ընկանք»:
Վարդան Մինասյանը այն եզակի անձանցից էր, որը Հայաստանում մշտապես աշխատել է Պորտերֆիլդի հետ եւ եղել նրա առաջին օգնականը. «Հոյակապ մարդ էր, հոյակապ մասնագետ էր: Առաջին հերթին շատ լավ մարդ էր եւ հոգեբան: Շատ հեշտ էր նրա հետ աշխատել: Սկզբում նրա աշխատանքը այդքան չէր երեւում եւ դա բնական է, քանի որ ժամանակ էր անհրաժեշտ, բայց վերջում տեսաք, որ Հայաստանը սկսեց Եվրոպայում անուն հանել»:
Խոսելով կոնկրետ ընկերական հանդիպումներից` Մինասյանն ասաց, որ Կիպրոսի հետ մրցավեճին փորձել են ներկայանալ օպտիմալ կազմով, սակայն բացակայում էին Ռոման Բերեզովսկին, Համլետ Մխիթարյանը, Ռոբերտ Զեբելյանը, ինչպես նաեւ Կարեն Ալեքսանյանը, որը արդեն երկար ժամանակ է վնասվածքի պատճառով բացակայում հավաքականից: Զեբելյանին եւ Բերեզովսկուն նրանց ակումբային թիմի գլխավոր մարզչի խնդրանքով չէին ընդգրկել հավաքականի կազմում, իսկ Համլետ Մխիթարյանը մի փոքր վնասվածք ուներ:
«Այնպիսի տպավորություն էր, որ թե Հայաստանի հավաքականը խաղում էր, Կիպրոսի հավաքականը գոլ խփում: 27-րդ րոպեին Արման Քարամյանը մեն-մենակ դուրս մնաց դարպասապահի դեմ, սակայն չկարողացավ գրավել դարպասը: 31-րդ րոպեին Կիպրոսի ընտրանին հակագրոհի ժամանակ կարողացավ բացել խաղի հաշիվը: Բայց ի պատիվ տղաների նրանք շարունակեցին գրոհել եւ Արարատ Առաքելյանի փոխանցումից հետո Ռոբերտ Արզումանյանը հավասարեցրեց հաշիվը»,-պատմեց մարզիչը,-Ինչեւէ ֆուտբոլը այնպես է, որ միայն հաշիվն է մնում եւ մենք պարտվել ենք դրանում ոչ մի խոսք: Ուղղակի պետք էր կարողանալ այս պարտության պատճառները գտնել, քանի որ հաջորդ հանդիպմանը ընդամենը 3 օր էր մնում»:
Ըստ նրա` Մալթայի հետ խաղը ավելի ծանր ստացվեց, քանի որ արդեն տեղյակ էին, որ մահացել է Պորտերֆիլդը:
«Եթե հետադարձ հայաքց նետենք, ապա կտեսնենք, որ վերջին հանդիպումներում մենք մեր գրեթե բոլոր գնդակները խփել ենք ստանդարտ դիրքերից: Այս հանդիպումների դրական կողմերից մեկը այն էր, որ բոլորն էլ հնարավորություն ունեցան դուրս գալ խաղադաշտ, իսկ պաշտոնական հանդիպումներում դրա հնարավորությունը չէին ունենում կամ փոխարինման էին դուրս գալիս 10-15 րոպեով»,-ասաց Վարդան Մինասյանը:
Այս հանդիպումներում Հայաստանի հավաքականում իրենց նորամուտը նշեցին միանգամից 2 դարպասապահներ` Ֆելիքս Հակոբյանը եւ Մայիս Ազիզյանը: Մինասյանը նրանց խաղը գնահատեց նորմալ. «Ճիշտն ասած մենք նրանց արդեն ծանոթ էինք ներքին առաջնության հանդիպումներից, բայց ավելի հստակ պատկերացում կազմեցինք միջազգային հանդիպումներում: 2-ն էլ կարելի է ասել նորմալ հանդես եկան»: