ՆՎԱՃԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈւՂԵԳՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 16-ին Թաիլանդի Չիանգ Մայ քաղաքում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ հայտնի կդառնան նաեւ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցների անունները:
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնելու հետեւյալ կազմերով. Կանայք. Աննա Գովելյան (53 կգ), Թեհմինա Կարապետյան (55 կգ), Հեղինե Եփրեմյան (58 կգ), Լիանա Մանուկյան (58 կգ), Մելինե Դալուզյան (63 կգ), Նազիկ Ավդալյան (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (75 կգ):
Տղամարդիկ. Տիգրան Գ. Մարտիրոսյան (69 կգ), Գեւորգ Դավթյան (77 կգ), Տիգրան Վ. Մարտիրոսյան (85 կգ), Գեւորիկ Պողոսյան (85 կգ), Սեւակ Սահակյան (94 կգ), Էդգար Գեւորգյան (94 կգ), Արթուր Բաբայան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան (գերծանրքաշ): Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջնային խնդիրը օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է. «1-6-րդ հորիզոնականներում հայտնվելու դեպքում Հայաստանի հավաքականը օլիմպիական 6 ուղեգիր կնվաճի, իսկ մինչեւ 14-րդ տեղի դեպքում` 5 ուղեգիր: Իսկ մելդաների մասին ավելի կոնկրետ դեռ վաղ է խոսել, եւ միայն մրցահարթակը ցույց կտա, թե ինչ կարող ենք ակնկալել»:
Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնեցին նաեւ, որ 2007 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արա Խաչատրյանը Թաիլանդ չի մեկնելու վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում կայացած 2007 թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականները հիանալի էին ելույթ ունեցել եւ թիմային հաշվարկում գրավել առաջին հորիզոնականը: