Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՔՎԻ ՄՐՑԱՇԱՐԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է

Սպորտ

Սեպտեմբերի 16-ին Բաքվում մեկնարկող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առջեւ բավական լուրջ խնդիրներ են դրված: Այս մրցաշարը ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ավելի կարեւոր է համարում քան օլիմպիական խաղերը:

«Սա սովորական մրցաշար չէ: Յուրաքանչյուր մարզիկ մրցելիս պետք է գիտակցի, որ ներկայացնում է ողջ Հայաստանը: Պետք է իմանաք, որ ամբողջ Հայաստանը եւ հայ ազգը ձեր մեջքին է: Պետք է մրցավայր մեկնեն ամենաուժեղները: Մեր հայը այդ հողում չպետք է պարտվի: Ես չեմ ուզում, որ հայ մարզիկը մեկնի եւ առաջին իսկ մրցամարտում պարտվի: Դա միայն ձեր պարտությունը չի, դա ողջ Հայաստանի պարտությունն է», - մարզիկներին դիմեց Ծառուկյանը` ավելացնելով, որ հաջողությունների դեպքում մեր ըմբիշները կարժանանան թանկարժեք պարգեւների:

Հայաստանի ներկայացուցիչները արդեն 20 տարի է Ադրբեջանում չեն մասնակցել որեւէ մրցաշարի, սակայն այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ անվտանգության երաշխիքներ տվել է անձամբ Ադրբեջանի նախագահը: Բացի այդ մրցաշարին ներկա են գտնվելու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ, իսկ առաջնությունը լուսաբանելու են հազարավոր ԶԼՄ-ներ: Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի կարծիքով` անհնար է հաղթել բոլոր գոտեմարտերում, սակայն պայքարել պետք է. «Հայաստանը երբեք չի հաղթել բոլոր 7 քաշային կարգերում եւ չի էլ կարող: Սակայն տղաները պատրաստ են մինչեւ վերջ պայքարելու»:

Հունա-հռոմեական ոճի հավաքականի գլխավոր Լեւոն Ջուլֆալակյանն էլ նշեց, որ մրցավայր են մեկնում բոլոր ուժեղագույնները. «Մեր հավաքականի կազմում են վերջին 2-3 տարիներին բազմաթիվ միջազգային մրցաշարերում հաջողության հասած մարզիկներ»:

Հայաստանի պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին Բաքու է մեկնելու Ռազմիկ Ստեփանյանի գլխավորությամբ: «Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնելու 31 հոգի, այդ թվում 14 մարզիկներ: Քանի որ առաջնությունում անցկացվում է նախ հունա-հռոմեական ոճը, ապա` ազատ, մեր պատվիրակությունը մեկնելու է 2 խմբերով», - ասաց Ստեփանյանը: