Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԽՓԵՑԻՆՔ ՄԵՆՔ, ԽՓԵՑԻՆ ՆՐԱՆՔ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց Ուկրաինայի հավաքականին: «Եվրո-2009»-ի ընտրական փուլում սա հայ ֆուտբոլիստների 2-րդ պարտությունն էր:

Խաղը սկսվեց հավասար պայքարում եւ Հայաստանի երիտասարդականը բավական հաջող էր հանդես գալիս: Խաղասկզբում Գեւորգ Ղազարյանին նույնիսկ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, սակայն հույն մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ: Դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ Հենրիխ Մխիթարյանը, սակայն նրա հեռահար հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Իսկ ահա Ուկրաինան ոչնչով աչքի չէր ընկնում, սակայն 38-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:

Դարպասապահ Մելքիսեթյանի անփույթ խաղից օգտվելով գոլի հեղինակ դարձավ Յարոշենկոն: Խփած գոլից հետո Ալեքսեյ Միխայլիչենկոյի սաները ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը եւ 2-րդ կեսում սկսեցին իրենց կամքը թելադրել: 65-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված, որը վստահորեն իրացրեց Օլեյնիկը: Վերջին 20 րոպեների ընթացքում մեր ընտրանին ֆիզիկական վատ պատրաստվածության պատճառով հայտնվել էր անօգնական վիճակում եւ ոչինչ չէր կարողանում անել ֆիզիկապես ուժեղ մրցակցի նկատմամբ:

Հայաստանը պարտվեց եւ ընտրական 2-րդ խմբում 2-րդ տեղից հայտնվեց 4-րդ հորիզոնականում: Վարուժան Սուքիասյանի թիմը 4 հանդիպոււմներում վաստակել է նույնքան միավոր: