«ՆԱ ՄԱՀԱՑԱՎ ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան ստանալով Յան Պորտերֆիլդի մահվան լուրը` Հայաստանի ֆուտբոլային հասարակությունը ցնցվեց: Շոտլանդացի մարզիչը մեծ հեղինակություն էր վայելում մեր հանրապետությունում:
«Շատ հոյակապ անձանավորություն էր եւ մեր ազգին, մեր ֆուտբոլին նվիրված մարզիր: Կարճ ժամանակահատվածում նա ամեն ինչ արեց հայկական ֆուտբոլում տեղաշարժ անելու համար եւ դա նրան հաջողվեց: Իրոք շատ ցավալի է, որ նա այլեւս մեզ հետ չէ», - ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը Պորտերֆիլդին օգնում էր ազգային հավաքականում:
«Շատ լավ մարզիչ էր եւ հիանալի մարդ: Վերջապես Հայաստանի հավաքականը գտել էր իր մարզչին, որը թիմի հետ հաջող հանդիպումներ էր անցկացնում, լուրջ առաջընթաց էր գրանցվել: Փաստորեն նա չհասցրեց ավարտել իր սկսած գործը: Հուսանք, որ մյուս մարզիչները կիսատ չեն թողնի Պորտերֆիլդի ծրագրերը: Ես ցավակցում եմ մարզչի ընտանիքին եւ ամբողջ հայ ժողովրդին, այս կորուստի կապացությամբ», - նշեց Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
«Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը եւս խիստ անտրամադիր էր եւ նախ իր ցավակությունը հայտնեց. «Դժվար է ինչ որ բան ասել: Նա լավ մարզիչ էր եւ կարողացել էր բարձրացնել Հայաստանի հավաքականի խաղամակարդակը»: Շարքային ֆուտբոլասերները եւս մեծ ցավ են ապրել` տեղեկանալով Յան Պորտերֆիլդի մահվան մասին:
«Նա մահացավ հանուն Հայաստանի: Ոչ մի մարզիչ քաղցկեղի ժամանակ նման ռիսկի չէր գնա եւ չէր կտրի անցնի հազարավոր կիլոմետրեր Հայաստանի հավաքականի հաջողությանը նպաստելու համար: Եւ դա նա արեց մի քանի անգամ: Իրոք նա հերոս է եւ նրա նվիրվածությունը երբեք չի կարելի մոռանալ», - ասաց 42-ամյա Վլադիմիրը: