ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՑԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինԿառլովի Վարի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Չեխիայի ներկայացուցիչ Դավիթ Նավարայի հետ: Մրցակիցները, արագորեն փոխանակելով մի շարք ֆիգուրներ, 27-րդ քայլին համաձայնվել են ոչ-ոքիի:
Ոչ-ոքի է խաղացել նաեւ Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովիսյանը, որը Ալեքսեյ Շիրովի հետ պարտիայի արդեն 13-րդ րոպեին մրցակցին առաջարկել է խաղաղ ելքով ավարտել հանդիպումը եւ դրական պատասխան ստացել: Արագ ոչ-ոքիի է գրանցվել նաեւ Յան Թիման Վիկտոր Լազնիչկա մրցավեճում, որը ավարտվել է 17-րդ քայլին: Միակ արդյունավետ ելքը գրանցվել է Վիկտոր Կորչնոյ Ռուսլան Պոնոմարյով պարտիայում, որտեղ հաջողության են հասել սեւերով: Այս հաղթանակից հետո Պոնոմարյովը հավասարվեց մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող Վլադիմիր Հակոբյանին, Սերգեյ Մովսիսյանին եւ Յան Թիմանին:
Այժմ այս գրոսմայստերները իրենց ակտիվում ունեն 2.5-ական միավոր:
5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով կմրցի Ռուսլան Պոնորմարյովի հետ: Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Դավիթ Նավարան: