ԱՐՈՆՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ՈւԺԵՂԱԳՈւՅՆՆԵՐԻ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ պայքարի մեջ կմտնեն 8 հայտնի գրոսմայստերներ:
Հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որ եզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն էր ստացել հունիսին: Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզեվիչը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Պետեր Լեկոն եւ Բորիս Գելֆանդը:
Մրցաշարի առաջին տուրը կկայանա սեպտեմբերի 13-ին: Շախմատիստները կմրցեն 2 շրջանով` անցկացնելով 14 տուր:
Մրցաշարի ֆավորիտ է համարվում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը երկար ժամանակ է նախապատրաստվում այս մրցաշարին եւ Մեխիկոյում ապացուցելու շատ բան ունի: 32-ամյա շախմատիստը 2006թ. հոկտեմբերին Էլիստայում սկանդալային պայմաններում առավելության հասավ աշխարհի բացարձակ չեմպիոն կոչման մրցամարտում: Կրամնիկը պարտության մատնեց բուլղարացի Վեսելին Տոպալովին, որը նրան մեղադրում էր համակարգչից թաքուն հուշումներ ստանալու համար:
Կրամնիկի գլխավոր մրցակիցներ են համարվում Արոնյանը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: Ի տարբերություն Լեւոնի, Անանդը բավական փորձառու է եւ կարիերայի մայրամուտում է: Սա նրա լուրջ հաջողության հասնելու վերջին հնարավորություններից մեկն է: Իսկ Արոնյանի համար մրցաշարը ծանր փորձություն կլինի, եւ կտա մի շարք հարցերի պատասխանները: Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո Արոնյանը հաջողության հասավ մի քանի հզորագույն մրցաշարերում, իսկ Մեքսիկայում հնարավորություն ունի արդեն պաշտոնապես դառնալ լավագույնը աշխարհում: