Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԷՐ

Սպորտ

«Փյունիկ» - «Դերի Սիթի» հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Ջոն Ռոբերտսոնը թեեւ անտրամադիր էր, բայց խորին քաղաքավարությամբ խոսեց հանդիպման մասին եւ չփորձեց արդարանալ պարտության համար: Նա սկզբում շնորհավորեց «Փյունիկին» հաղթանակի առիթով` հաջողություն մաղթելով 2-րդ փուլում Դոնեցկի «Շախտյորի» հետ հանդիպումներում:

«Երկու թիմերն էլ առաջին խաղից հետո հավասար հնարավորություններ էին պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: Այսօր «Փյունիկը» ավելի վճռական էր եւ վերահսկում էր խաղը ընթացքը: Միգուցե որոշ դեպքերում պարզապես մեր բախտը չբերեց, երբ օրինակ գնդակը ետ մղվեց դարպասաձողից, միգուցե կար նաեւ 11 մետրանոց: Խաղի տեսագրությունը դիտելուց հետո ավելի պարզ կլինի: Մեզ մնում է հարգել մրցավարի որոշումը: Ամեն դեպքում «Փյունիկը» հաղթել է եւ մենք արդարանալու միտում չունենք»,-ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ թիմը 2 տարբեր խաղակեսեր անցկացրեց` Ռոբերտսոնը պատասխանեց.«Առաջին կեսից հետո մենք սկսեցինք հանդես գալ 4-3-3 տակտիկայով, որի արդյունքում մրցակիցը ավելի շատ հնարավորություն ունեցավ գրոհելու եւ օգտագործեց իր հնարավորությունը: Սակայն 0:1 հաշիվը մեզ համար ձեռնտու չէր եւ մենք կորցնելու ոչինչ չունեինք»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց ավելի կարճ խոսեց. « 1-ին կեսում մեզ մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում, քանի որ մրցակիցը շատ լավ էր կազմակերպել պաշտպանությունը եւ կարող եմ ասել նույնիսկ առավելություն ուներ: Նրանց գրոհները ավելի սուր էին եւ վտանգավոր: 2-րդ կեսում խփելով 2-րդ գնդակը` առավելությունը անցավ մեր կողմը: Շատ ուրախ եմ, որ փոխարինման մտած երիտասարդ ֆուտբոլիստները լավ դրսեւորեցին իրենց»:

Բնութագրելով ապագա մրցակցին` Դոնեցկի «Շախտյորին» ,Գյուլբուդաղյանցը ասաց.«Մրցակցի անունը արդեն իսկ շատ բան է ասում: «Շախտյորը» թիմը է մեծատառով եւ եվրոպական բարձր մակարդակի թիմ է»: