ՀԱՂԹԱՆԱԿ «ՉՈՐ» ՀԱՇՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վերջին վեց տարիներին անփոփոխ չեմպիոն «Փյունիկը» վերջապես կարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» «Փյունիկը» 2:0 հաշվով առավելության հասավ իռլանդական «Դերի Սիթիի» նկատմամբ: Այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղը ավարտվել էր 0:0 հաշվով, ուստի պայքարը կշարունակի հայկական թիմը:
Արմեն Գյուլբուղաղյանցի սաները հաշիվը բացեցին 27-րդ րոպեին, երբ Լեւոն Պաչաջյանի փոխանցումից հետո աչքի ընկավ փորձառու Արսեն Ավետիսյանը: Եւս մեկ անգամ «Փյունիկի» ֆուտբոլիստները հաջողության հասան 67-րդ րոպեին շնորհիվ երիտասարդ Գեւորգ Ղազարյանի:
Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է Ուկրաինայի փոխչեմպիոն «Շախտյորի» հետ: Առաջին մրցավեճը կայանալու է Երեւանում հուլիսի 31-ին, կրկին 20:00-ին, իսկ պատասխան հանդիպումը Դոնեցկում՝ օգոստոսի 8-ին: