Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈւՏԲՈԼԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈւՆԻ

Սպորտ

Հայաստանի եւ Ադբրեջանի միջեւ կայանալիք ֆուտբոլային հանդիպումները ՈւԵՖԱ-ի կողմից չեղյալ հայտարարելու որոշումից հետո մտավախություն կար, որ Բաքու չեն մեկնի նաեւ հայ ըմբիշները: Ինչպես հայտնի է` սեպտեմբերին հարեւան երկրի մայրաքաղաքում կայանալու է ըմբշամարտի 2007թ. առաջնությունը, որի ընթացքում խաղարկվելու են 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ ՈւԵՖԱ-ի որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա ըմբշամարտի վրա. «ՈւԵՖԱ-ի որոշումը արդեն իսկ կայացել է եւ այն որեւէ կապ չունի ըմբշամարտի հետ: Մենք արդեն ունենք քառակողմյան պայմանագիր, իսկ ֆուտբոլում դա չկար»:

Արմեն Գրիգորյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան եւս 2 հայ սպորտային պաշտոնյաներ, մայիսին Բաքվում մասնակցել էին հատուկ հրավիրված հանդիպման, որի ընթացքում էլ քննարկվել են բոլոր հարցերը եւ սպորտի նախարարի կարծիքով` այն ժամանակ ամեն ինչ արդեն հստակ որոշվել է. «Բոլոր հարցերը ընդունվել են եւ ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը»: Ամեն դեպքում Արմեն Գրիգորսյանը ափսոսում է, որ ՈւԵՖԱ-ն թույլ չտվեց հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին. «Ցավոք, ՈւԵՖԱ-ն իր որոշումը արդեն կայացրել է եւ իմ կարծիքով դա վնաս էր մեզ: Հայաստանի հավաքականը, վերջին խաղերում հաղթելով Ղազախստանի եւ Լեհաստանին, գտնվում էր վերելքի մեջ եւ ես համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները կհաղթեին նաեւ Ադրբեջանին: Բայց այս ամենը ըմբշամարտի հետ կապ չունի, քանի որ պայմանագրերը կան եւ պետք է մասնակցենք»:

Վերջում Արմեն Գրիգորյանը հայտնեց նաեւ, որ Բաքվում կայանալիք հանդիպումները կլուսաբանեն նաեւ հայ լրագրողներ, որոնք ըմբիշների հետ կմեկնեն Բաքու: