ՏԱՆ ՊԱՏԵՐՆ ՕԳՆՈւՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի իր 22-րդ հանդիպումը Եվրոգավաթի խաղարկություններում: Նախորդ 21 հանդիպումներից 5-ում «Փյունիկի» ֆուտբոլիստները հաղթել են մրցակիցներին, 6 խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ մնացած խաղերում` պարտվել:
«Փյունիկը» հատկապես հաջող է հանդես գալիս սեփական հարկի, տակ իսկ եվրագավաթների խաղարկության որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ ընդամենը մեկ պարտություն է կրել: Դա տեղի է ունեցել 1997թ. հուլիսի 23-ին, երբ «Փյունիկը», իր առաջին հանդիպումը անցկացնելով միջազգային ասպարեզում, 0:2 հաշվով զիջեց հունգարական ՄՏԿ-ին:
Դրանից հետո «Փյունիկի» ֆուտբոլիստները բավական հաջող են հանդես եկել: 2002թ. հուլիսի 24-ին Երեւանում 2:0 հաշվով պարտության մատնվեց ֆիննական «Տամպերեն»: Այս խաղում 15.000 հազար նստատեղ ունեցող «Հանրապետականում» խաղին հետեւեցին մոտ 20 հազար ֆուտբոլասերներ, իսկ եւս 15 հազարը չկարողացավ մտնել մարզադաշտ:
Դա պայմանավորված էր նրանով, որ առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 4:0 հաշվով, որը աննախդեպ արդյունք էր անկախացած Հայաստանի համար: 2003թ. «Փյունիկը» սեփական հարկի տակ կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ 1:0 հաշվով առավելության հասնելով Իսլանդիայի չեմպիոն «Ռեյկյավիկի» նկատմամբ, իսկ պատասխան մրցավեճը ավարտվեց 1:1 հաշվով:
2004թ. Թեեւ «Փյունիկը» Երեւանում հաղթանակ չտոնեց (մակեդոնական «Պոբեդայի» հետ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով), սակայն շարունակեց պայքարը, քանի որ մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ էր տոնել: 2005թ. եւ 2006թ. Երեւանում ոչոքիներ արձանագրվեցին համապատասխանաբար ֆիննասական «Հակայի» (2:2) եւ մոլդովական «Շերիֆի» հետ (0:0):
Մի քանի ժամ անց (20:00-ին), Հայաստանի վերջին վեց տարիների անփոփոխ չեմպիոն կհյուրընկալի իռլանդական «Դերի Սիթիին», որը ամենեւին ուժեղ չէ այն թիմերից, որոնք նախորդ տարիներին 0 միավորով են լքել Հայաստանը: Ներկայիս «Փյունիկը» եւս իր կազմով եւ խաղում չի զիջում նախորդ տարիների «Փյունիկին», ուստի հաջողության ակնկալիքներ կան: