«ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին ամենաակտուալ ֆուտբոլային թեման շարունակում է մնալ Վարուժան Սուքիասյանի հրաժարականը «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից: Փորձառու մասնագետն արդեն «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանել է իր որոշման պատճառները: Այժմ փորձեցիք զրուցել նաեւ «Արարատի» գործադիր տնօրեն Վարուժան Էսմեքսիզյանի հետ:
-Պարոն Էսմեքսիզյան, նախ ինչպե՞ս կմեկնաբանեիք ակումբի շուրջ ծավալված վերջին իրադարձությունները:
-Մենք ունեինք հաջողություններ եւ ի սզբանե ցանկանում էինք ավելի լուրջ հիմքերի վրա դնել այս ամենը, քանի որ մեր հիմնական նպատակը «Արարատի» եւ հայկական ֆուտբոլի զարգացումն է: Դրան հասնելու համար այսօր կան պահանջներ, նորմեր, որոնք պետք է կիրառել եւ ավելի պրոֆեսիոնալ նայել այդ ամենին: Միեւնույն ժամանակ հայ ֆուտբոլիստներին միջազգային ասպարեզ դուրս բերել եւ համաշխարհային ֆուտբոլի ընտանիքին ինտեգրվել: Այդ նպատակով «Արարատ» ֆուտբոլային ակումբ են հրավիրվել այս ասպարեզում իրազեկ եւ փորձառու մասնագետներ, որոնց մուտքը հայկական ֆուտբոլ էապես կնպաստի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ինտեգրմանը համաշխարհային ֆուտբոլին եւ մեր ֆուտբոլիստների ճանաչողությանն արտերկրում: Նման մասնագետներից է սերբ մարզիչ Դուշան Միհիչը: Բայց իրադարձությունները անակնկալ ձեւով զարգացան եւ մեր ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական տվեց: Դա մեզ համար մեծ անակնկալ էր: Անպատրաստ լինելով իրադարձությունների նման զարգացմանը` ստիպված եղանք Միհիչին համոզել գլխավորել ակումբը, թեեւ նա այլ նպատակով էր ժամանել:
-Իսկ կոնկրետ ո՞րն էր Սուքիասյանի դժգոհությունը այս իրավիճակում, որը ստիպեց նրան դիմել նման անսպասելի քայլի:
-Մենք գոհ էինք նրա աշխատանքից, քանի որ նա բարձր արդյունքներ ցույց տվեց, որոնցով մենք ուղորդվեցինք: Ես չեմ կարող ասել, թե ինչու նա նման որոշում կայացրեց: Մենք հակասություն չունեինք: Քննարկել էինք սպասվող փոփոխությունները եւ նույնիսկ երեկո էինք կազմակերպել մարզիչների եւ խաղացողների մասնակցությամբ, հավաքական ոգին պահպանելու համար: Դրանից հետո ժամանեցին մեր հյուրերը (սերբ մասնագետները խմբ.) եւ պետք է սկսվեին քննարկումներ, թե ինչ սկզբունքներով են իրականացվելու աշխատանքները, սակայն տեղի ունեցավ անակնկալ որոշումը: Նա մեզ բավական օգուտ տվեց եւ ես որպես գործադիր տնօրեն ուղղակի շնորհակալ եմ իր աշխատանքի համար: Իրեն հաջողություն եմ մաղթում:
-Սերբ մարզիչը իր հետ նաեւ նոր ֆուտբոլիստներ է բերել: Փաստորեն թիմի կազմում փոփոխություններ եւս սպասվում են:
-Ոչ: Թիմի կազմը ամբողջությամբ պահպանում ենք: Մենք ցանկանում ենք ստեղծել ֆուտբոլիստների կայուն շրջանառություն:
-Եվ վերջում ի՞նչ կասեք «Ձորաղբյուրի» մարզաբազայում ընթացող աշխատանքների մասին: «Արարատը» այնտեղ արդեն մարզվում է: Իսկ ե՞րբ համալիրը պատրաստ կլինի շահագործման ամբողջությամբ:
-Այնտեղ իրականացվող աշխատանքներին մենք մեծ լրջությամբ ենք մոտենում եւ հրավիրված մասնագետները եւս քննարկել են համալիրին առնչվող հարցեր, քանի որ այստեղ եւս անհրաժեշտ են ժամանակակից նորմերի կիրառում: Դա թույլ կտա նաեւ արտասահմանյան ակումբներին հրավիրել այստեղ անցկացնելու ուսումնամարզական հավաքականներ, նրանց հետ անցկացնել ընկերական հանդիպումներ, փորձ ձեռք բերել: Սա եւս մտնում է մեր ռազմավարության մեջ: Ամեն ինչ արվում է, որ այս տարի համալիրը ստանա ամբողջական տեսք:
Զրուցեց Արթուր Նազարյանը