«ԱՐԱՐԱՏԻ» ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԲավական անսպասելի իրադարձություններ են ծավալվել հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբի` Երեւանի «Արարատի» շուրջ:
Երկարատեւ ընդմիջումից հետո թիմը կրկին հաջող խաղ էր ցուցադրում Հայաստանի առաջնությունում, սակայն հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
Վերջինս շուրջ 1 տարի առաջ գլխավորելով «Արարատը», կարողացավ կարճ ժամանակահատվածում ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որը հավասար պայքար էր մղում առաջատարների հետ, իսկ ընթացիկ առաջնությունում ամրապնդվել էր 2-րդ հորիզոնականում:
«Արարատի» մամուլի քարտուղար Գեւորգ Բարսեղյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հանձին սերբ Դուշան Միշիչի, որին օգնելու են Աշոտ Կիրակոսյանը եւ Վահան Նիկոլյանը:
Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իր հրաժարականի մասին կխոսի մի փոքր ուշ եւ ավելի մանրամասն, սակայն ըստ մեր ունեցած տեղեկությունների նրա հրաժարականի պատճառ է հանդիսացել հենց սերբ մարզիչը, որին գործուղելով Հայաստանի, «Արարատի» սփուռքահայ սեփականատերերը փորձել են գլխավոր մարզչին հավասար պարտականություններ տալ, ինչը Սուքիասյանը չի հանդուրժել: