Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՍՊԱՐՈՎԸ ԻՐԱՏԵՍ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը սկզբում հայտնի էր իր հանրահայտ ազգանունով, սակայն հավաքականի կազմում իր հաջող ելույթներից հետո նրան այժմ հայ ֆուտբոլասերը ճանաչում է, որպես հուսալի դարպասապահ: 2006թ, վերջին Կասպարովը տեղափոխվեց պարսկական «Պաս» ակումբ, սակայն այժմ «Փյունիկին» օգնում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

«Մինչ Իրան տեղափոխվելը արտասահմանյան ակումբներից այլ հրավերներ եւս ունեի, բայց ես իրատես եմ: Երբ «Պաս» թիմը ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ, ես չցանկացա սպասել 1-2 ամիս, որ այլ ակումբների առաջարկները եւս քննարկեմ, քանի որ պարսկական տարբերակը ձեռնտու էր ինձ համար: Այժմ էլ հրավերներ կան մի շարք ակումբներից, սակայն թե ինչ կլինի` հստակ ասել չեմ կարող», - ասում է Կասպարովը:

Ըստ փորձառու դարպասապահի, իրանական ֆուտբոլի մակարդակը բավական բարձր է. «Ուղղակի շատերը մտածում են, որ եթե Իրանը գտնվում է Ասիայում, ապա այնտեղ ֆուտբոլ այնքան էլ լավ չեն խաղում: Իրոք առաջնությունը ուժեղ է եւ առնվազն 3 անգամ մերինից բարձր է: Մեծ գումարներ են ներդրվում այնտեղ, լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, խաղերի տեմպը բավական բարձր է: Այնտեղ մեծ ուշադրություն են դարձնում ֆիզիկական պատրաստվածության վրա եւ պայքարը շատ լարված է: Անկեղծ ասած, սկզբում ես էլ մեծ կարծիք չունեի պարսկական ֆուտբոլի մասին, բայց ժամանելով այնտեղ` մտափոխվեցի: Ինձ նման շատերն են ժամանել Իրան մտածելով, թե այն միջին մակարդակի ֆուտբոլային երկիր է, բայց հետագայում հասկացել են, որ այս երկրի ֆուտբոլը եվրոպական մի շարք երկրների գերազանցում է»:

Գեւորգի հետ միասին «Պաս»-ում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը: «Համլետը ինձանից ավելի շուտ էր հայտնվել այնտեղ: Բնականաբար նա է իմ ամենամոտ խաղընկերը: Թիմին նա մեծ օգուտ է տալիս եւ «Պաս»-ի ղեկավարները մեծապես շահագրգռված են, որ նա շարունակի իր ելույթները, սակայն ես տեղյակ չեմ, թե Համլետը ինչ որոշում է կայացնելու»:

Հայաստանի հավաքականի վերջին հաղթանակներում մեծ է Կասպարովի ավանդը, սակայն նա չի վշտանա, եթե առաջիկայում հիմնական կազմում ընդգրկվի Ռոման Բերեզովսկին. «Ինձ համար ինքնանպատակ չէ հավաքականի հիմնական կազմում ընդգրկվելը: Կարեւորը` որ հավաքականը հաջող հանդես գա: Թե ես, թե Ռոմանը ժամանում ենք հավաքականի ճամբար նրան օգնելու համար: Սա ակումբ չէ, որ այլ մրցակցություն ծավալվի մեր մեջ: Սա ազգային թիմ է եւ նույնսիկ լավագույն 18 ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվելն էլ արդեն մեծ պատիվ է»:

Խոսելով հավաքականի ելույթներից ընտրական փուլում Գեւորգը նշում է, որ Ադրբեջանի հետ հանդիպումները չեղյալ հայտարարելու որոշումը վնասեց Հայաստանին.«Դա անակնկալ որոշում էր մեզ համար: Սպասում էինք, որ գոնե չեզոք դաշտերում կմրցենք: Միանշանակ մենք ուժեղ ենք նրանցից: Նրանց ձեռնտու էր այս տարբերակը եւ դա նրանց օգտին էր: Կարծում եմ` բոլորն էլ գիտակցում են, որ եթե Ադրբեջանը մեզանից ուժեղ լիներ, ապա ամեն ինչ կաներ, որ այս հանդիպումները կայանային»: