Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐ ՖՈԻՏԲՈԼԱՍԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ ՄԱՐԶԱԴԱՇՏ

Սպորտ

Հայկական թիմերը իրենց առաջին հանդիպումները անցկացրեցին Չեմպիոնների լիգայում եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություններում: Պետք է ընդգծել, որ մեր սպասելիքները արդարացան եւ այսօր ավելին սպասել չէր կարելի:

«Փյունիկը» Չեմպիոնների լիգայում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Դերի Սիթիի» հետ: Մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղալը միանգամայն լավ արդյունք է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 25-ին «Հանրապետականում» առնվազն 10 հազար ֆուտբոլասերների ակտիվ աջակցության ներքո Հայաստանի չեմպիոնը հյուրընկալելու է իռլանդացիներին:

Նույնը կարելի է ասել «Միկայի» մասին, որը ՄՏԿ-ին զիջեց 1:2 հաշվով: Երեւանում կայանալիք պատասխան խաղում Արկադի Անդրեասյանի սաներից, ինչպես եւ «Փյունիկի» դեպքում պահանջվելու է 1 գնդակ: Ամենաբարդ իրավիճակում հայտնվել է «Բանանցը», որը նման դրության մեջ էր հայտնվել էր դեռ վիճակահանությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ Յան Պոշտուլկայի թիմը մրցելու է շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ: Թեեւ «Բանանցը» չպարտվեց Երեւանում, սակայն պատասխան մրցավեճում շատ դժվար կլինի դրական արդյունքի հասնելը: Նկատենք, որ «Բանանցին» անհրաժեշտ կլինի առնվազն 1 անգամ գրավել մրցակցի դարպասը:

Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, ապա այս տարի հայկական թիմերը վերջապես լուրջ պայքար են մղում հաջորդ փուլ դուրս գալու համար եւ վերջապես հնարավորություն ունեն իրագործել իրենց առջեւ դրված խնդիրը. հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Շատ կարեւոր է, նաեւ, որ մեր 3 թիմերից 2-ը միավոր են վաստակել: Արդեն բազմիցս խոսվել է այն մասին, որ ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում Հայաստանը հայտնվել է ամենաթույլ երկրների շարքում եւ առաջիկայում անհրաժեշտ է շտկել իրավիճակը:

Մի կարեւոր հանգամանք եւս. «Բանանց» - «Յանգ Բոյզ» մրցավեճը հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ 5-րդ միջազգային մրցավեճն էր «Հանրապետականում», որում մերոնք պարտություն չեն կրել: Շատերիս համար տարբերություն չկա, Հայաստանի հավաքական, «Բանանց», «Փյունիկ», թե «Միկա»: Երբ այս թիմերից որեւէ մեկը միջազգային հանդիպում է անցկացնում սեփական հարկի տակ, հայ ֆուտբոլասերները մեծ անհամբերությամբ եմ սպասում այդ իրադարձությանը:

Արդեն տխուր ավանդույթ էր դարձել, որ մեր ֆուտբոլասերները խաղադաշտից հեռանում էին գլխիկոր, սակայն վերջին 5 հանդիպումներում նման առիթ չի եղել: Նախ Հայաստան – Ֆինլանդիա (0:0), Հայաստան – Լիխտենշտեյն (երիտասարդական, 1:0), Հայաստան – Լեհաստան (1:0), «Արարատ» - «Շախտյոր» (2:0) եւ վերջապես «Բանանց» - «Յանգ Բոյզ» (1:1): Այս հանդիպումները պետք է որ ստիպեն մարդկանց վերադառնալ մարզադաշտ եւ ազատ տեղ չթողնել «Հանրապետական» մարզադաշտում, որի նստատեղերը այնքան էլ շատ չեն: Ընդամենը 15.000: