Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՅԱՆԳ ԲՈՅԶԸ» ԵՐԵՎԱՆ ԷՐ ԵԿԵԼ ՀԱՂԹԵԼՈւ

Սպորտ

Երեւանի «Բանանցի» մրցակցի «Յանգ Բոյզի» գլխավոր մարզիչ Մարտին Անդերմատը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումից հետո (1:1) նշեց, որ իր սաները Երեւան էին եկել հաղթելու համար. «Դրա հնարավորությունը մենք ունեինք: Սակայն սա ֆուտբոլ է: Չխփեցինք մենք, խփեցին մեզ: Կփորձենք դրական արդյունքի հասնել պատասխան մրցավեճում, թեեւ պետք է խոստովանեմ, որ դա դժվար է լինելու»:

Շվեյցարացի մասնագետը նշեց, որ 2-րդ կեսում «Յանգ Բոյզը» ավելի անհաջող հանդես եկավ, քանի որ ֆուտբոլիստները վերականգնվելու քիչ ժամանակ էին ունեցել. «Երեւանում մենք չկարողացանք ինչպես հարկն է վերակագնվել, ուստի չէինք կարող 90 րոպե բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ»:

Անցած տարի «Յանգ Բոյզը» կրկին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հաղթել էր «Միկային»: Համեմատելով «Բանանցը» «Միկայի» հետ Անդերմատը ասաց. «Ես այն ժամանակ «Յանգ Բոյզում» չէի, քանի որ թիմը գլխավորել եմ միայն սեպտեմբերին: «Միկայի» հետ խաղը դիտել եմ տեսագրությունում: Քանի որ «Միկան» պարտվել է, իսկ «Բանանցը» ոչ-ոքի խաղաց, ուստի կարող եմ ասել, որ «Բանանցը» ավելի լավ թիմ է»:

«Բանանցի» չեխ գլխավոր մարզիչ Յան Պոշտուլկան խոստովանեց, որ ոչ-ոքին լավ արդյունք էր. «Մենք լավ գիտեինք, թե որքան ուժեղ է մրցակիցը եւ այսօրվա արդյունքը լավ արդյունք էր մեզ համար: Համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները արեցին այն, ինչ կարող էին»: