Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՎՈՐԸ ԳՈԼ ԽՓԵԼՆ ԷՐ

Սպորտ

Հայաստանի 2006թ. բրոնզե մեդալակիր «Միկան» եւս սկսեց իր ելույթները ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում: Արկադի Անդրեասյանի սաները Բուդապեշտում հյուրընկալվեցին տեղի ՄՏԿ-ին:

Թեեւ խաղից առաջ ենթադրվում էր, թե դաշտի տերերը կհաղթեն մեծ առավելությամբ, սակայն «Միկային» հաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին, որը հաշիվը բացեց 20-րդ րոպեին: Աչքի ընկավ ՄՏԿ-ի առանցքային ֆուտբոլիստ Պինտերը:

Առաջին կեսի վերջին րոպեին «Միկայի» բրազիլացի լեգեոներ Լուիս Կլեբերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Սակայն 2-րդ կեսի սկզբնամասում Ուրբանը կրկին առաջ մղեց ՄՏԿ-ին եւ հանդիպումը ավարտվեց 2:1 հաշվով:

Չնայած «Միկան» պարտվեց, սակայն հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ստացավ, քանի որ նման հանդիպումներում շատ կարեւոր է մրցակցի հարկի տակ գոլ խփելը: Այժմ Երեւանում «Միկան» նույնիսկ 1:0 հաշվով հաղթելու դեպքում կնվաճի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր: