Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՀՈՅՈւՄ ԵՆ, ՔԱՇՔՇՈւՄ... ԽԱՂԱԴԱՇՏՈւՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում դեռ ընդամենը 2 հանդիպում է կայացել, սակայն այս խաղերում մրցավարները դաշտից հեռացրել են միանգամից 4 ֆուտբոլիստների:

«Բանանց» - «Գանձասար» խաղում դա տեղի ունեցավ 86-րդ րոպեին, երբ մրցավարը խաղադաշտից հեռացրեց Հովհաննես Գրիգորյանին եւ Վալերի Ալեքսանյանին: Վերջինս հանդես է գալիս «Գանձասարում», իսկ Հովհաննես Գրիգորյանը` «Բանանցում»: Այս ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցավ բախում, որը վերածվեց քաշքշուկի, իսկ եթե մրցավարը չմիջամտեր, միգուցե սկսվեր լուրջ ծեծկռտուք:

Նման մի տհաճ պատահար էլ գրանցվեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» ընդունել էր «Ուլիսին»: Հանդիպման 72-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեցին Արման Տոնոյանը եւ Վահրամ Լոբյանը, որոնք միմյանց «գրողի ծոցը» ուղարկեցին եւ հայհոյեցին: Զարմանալին հատկապես այն է, որ Լոբյանը լինելով «Ուլիսի» ավագը իրեն թույլ է տալիս հարաբերություններ պարզել հենց խաղադաշտում, մինչդեռ թիմի ավագը իր պահվածքով պետք է օրինակ ծառայի մյուս ֆուտբոլիստներին, մանավանդ, որ «Ուլիսում» հանդես են գալիս մի շարք երիտասարդներ:

Համաշխարհային ֆուտբոլը կարմիրներից անպակաս է, սակայն խաղացողները հեռացվում են հիմնականում կոպիտ խաղի համար, իսկ Հայաստանի առաջնությունում տեղի ունեցած այս պատահարները լրիվ այլ բնույթ էին կրում եւ մտածելու տեղիք են տալիս հատկապես ակումբների ղեկավարներին եւ գլխավոր մարզիչներին: