Մեծ ինտրիգ է, թե ինչ արդյունքներ են լինելու Երևանի ավագանու ընտրություններում. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ Երևանի ավագանու ընտրություններն, ընդհանուր առմամբ անցնում են լավ տրամադրությամբ, առանց որևէ լուրջ միջադեպի: Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ գտնվելով Փարիզի օդանավակայանում, Նյու Յորքի թռիչքին սպասելիս: Նյու Յորքում վարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին: «Հույս ունեմ, որ օրինակելի քվեարկություն ենք ունենալու,նախորդ տարվա Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ, այս անգամ մասնակցության ակտիվությունը 1-2 տոկոսով ավելի քիչ է, դա թերևս բացատրվում է նրանով, որ գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա: Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ակտիվ մասնակցություն կցուցաբերեն, որովհետև այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ բացառապես ձեր որոշումն է, թե ինչ արդյունքներ կլինեն, այդ առումով շատ մեծ ինտրիգ է, թե ինչ արդյունքներ են արձանագրվելու այս ընտրություններում, դա միայն դուք գիտեք», -ասել է Փաշինյանը: Նա նաև նշել է, որ քվեարկությունը խաղաղ, հանգիստ մթնոլորտում է անցնում, առանց լուրջ միջադեպերի: ԿԸՀ-ն ամփոփել է քվեարկության վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ստացված տվյալները ժամը 14։00-ի դրությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 201 268 ընտրող՝ ընտրողների ընդհանուր թվի 23,72 տոկոսը։