Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանն այսօրվանից հացադուլ են հայտարարել՝ միանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։ «Նա մի շարք առաջարկներ է ներկայացրել նոր Հայաստանի նոր իշխանություններին, որը վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ համակարգում տիրող իրավիճակի փոփոխումը՝ ընդհուպ մինչեւ համաներում հայտարարելը, որը պետք ընդգրկուն լինի»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պաշտպանն այսօր է տեսակցել նրանց: Արցախյան պատերազմում իր մեծ ներդրումն ունեցած Արայիկ Խանդոյանը պաշտպանի միջոցով շնորհավորել է հայ ժողովրդին Շուշիի հաղթանակի առիթով։ «Նրան մի փոքր վրդովվեցրել է այն հանգամանքը, որ այդ հաղթանակը կերտողներից կարեւորագույն անձինք ՝Ժիրայր Սեֆիլյանը եւ այլ անձինք այսօր գտնվում են անազատության մեջ: Նրանց բոլորի անազատությունը պայմանավորված է եղել արդեն իսկ նախկին համակարգի ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի անձով: Այսօրվա միջոցառումը կարող էր լիարժեք լինել այդ հաղթանակն ժողովրդին նվիրող անձանց մասնակցությամբ»: Արայիկ Պապիկյանի կարծիքով՝ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել եւ Նիկոլ Փաշինյանն պետք է քաղաքական հայտարարություն անի. «որ քաղբանտարկյալներն անհապաղ պետք է ազատ արձակվեն: Բոլոր այն գործերի վարույթները, որտեղ կան քաղբանտարկյալներ, օրենքով սահմանված կարգով վարույթն իրականացնող մարմինը պետք է իր իրավասության սահմաններում գործ կատարի: Եթե Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն կատարի, ես չեմ բացառում, որ րոպեներ հետո որոշումներ կայացվեն»: Գարեգին Չուքասզյանը, Արայիկ Խանդոյանը եւ Աշոտ Պետրոսյանը պատրաստվում են այնքան ժամանակ շարունակել հացադուլը, քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: