Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամ Խաշմանյանի ներկայությունը «Ալաշկերտին» չփրկեց պարտությունից (տեսանյութ)

Սպորտ
sport-shirak

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտին»: Միակ գոլը տուգանային հարվածով խփեց գյումրեցիների պաշտպան  Իգոր Ստանոյեւիչը: «Աշնանային հատվածում երկար ժամանակ չէինք կարողանում հաղթանակ տոնել եւ թիմի մոտ վստահության խնդիր էր առաջացել: Լավ է, որ այսօր կարողացանք պահպանել առավելությունը: Կենտրոնական պաշտպաններ Հրայր Մկոյանն ու Մարկոն չնայած խաղային պրակտիկայի պակաս ունեին եւ դեռ պատրաստ չեն 90 րոպե խաղալու, սակայն նրանց ներկայությունը բավականին վստահություն տվեց թիմին: Չեմպիոնության համար պայքարելու համար մեզ պետք է գոնե մեկ գոլ խփող հարձակվող», - խաղից հետո ասաց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Ի դեպ, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, որը 10 խաղով որակազրկվել էր թիմերի նախորդ խաղի ժամանակ երկրպագուների հետ ընդհարվելու համար, այսօր թիմին ղեկավարում էր պահեստայինների նստարանից: Պարզվեց, որ ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պատիժը մեղմացնելու խնդրանքով, եւ դրական պատասխան է ստացել: Ինչ վերաբերում է խաղին, ապա Աբրահամ Խաշմանյանը կարծում է, որ ինքնավստահությունը չար կատակ խաղաց թիմի հետ: «Մենք ուժեղ թիմ ենք, սակայն այսօր վատ խաղացինք:  Ֆուտբոլ է: Միգուցե այս խաղից հետո ֆուտբոլիստները կհասկանան, որ առաջնության երկրորդ հատվածում խաղերն հեշտությամբ չեն տրվելու: Նման մտածելակերպով չի կարելի մոտենալ ոչ մի հանդիպման», - եզրակացրեց Հայաստանի կրկնակի չեմպիոն մարզիչը: Այսօր կայացած առաջնության մյուս խաղում Երեւանի  «Փյունիկը» սեփական դաշտում 2:0 հաշվով վստահ հաղթեց Երեւանի «Բանանցին»: Տանտերերի կազմում երկու գոլերն էլ խփել է Պետրոս Ավետիսյանը: