Նոր Գեղիի մասնաճյուղը՝ Երևանում. երեխաները ոչ մի աջակցություն չեն ստանում (տեսանյութ)
Արդեն 5 տարի Գոռ Մեծոյանն իր հիմնադրած վոկալ ստուդիայում ուսուցանում է հայրենասեր ու ազգային մշակույթով հետաքրքրված երիտասարդների: «Ես մինչեւ այդ երգել եմ տարբեր խմբերում ու ցանկացա իմ վարպետներից ստացած փորձը փոխանցել նաեւ սերունդներին, որպեսզի չկորի մեր ազգային երգը, արվեստն ու մտածելակերպը»: Ստուդիան Գոռ Մեծոյանը բացել է հայրենի Նոր Գեղի համայնքում, հետո մասնաճյուղ է բացել Երեւանում՝ ընդ որում առանց պետական աջակցության։ Այս պահին ունի 17 սան: «Դիմել եմ տարբեր տեղեր՝ չեմ ստացել, լավ գործ ենք անում, կրթում, դաստիարակում ենք երեխաներին, իսկ ուշադրությունը ոչ մի տեղից չեն դարձնում»: Վոկալ ստուդիայում միակ աղջիկը Իրինան է: Իրեն կաշկանդված չի զգում տղաների շրջապատում: Նրանք դարձել են իր լավագույն ընկերները։ Իսկ ազգային երգ- երաժշտության նկատմամբ սերը արթնացել է հենց Գոռ Մեծոյանի վոկալ ստուդիայում: Ի տարբերություն Իրինայի՝ արմատներով սասունցի Համոն ազգային երգ ու պարով հետաքրքրվում է մանկուց: Որոշել է՝ ապագայում էլ նույն ոգով է շարունակելու: 10 -ամյա Սուրենը ավագ ընկերոջից ոչնչով հետ չի մնում: Ազգային երգ ու պարի ջատագովն է: Դեռ երկու տարի առաջ որոշել ու ծնողներին էլ տեղեկացել է՝ պատրաստվում է դառնալ Գոռ Մեծոյան վոկալ ստուդիայի սան: «Ես հայրենասեր եմ, հայկական երգեր եմ շատ սիրում ու ուրիշ երգ չեմ երգի»: Իր գործունեության 5- ամյակի առիթով ստուդիայի սաները նկարահանել են իրենց առաջին տեսահոլովակը, իսկ Նոյեմբերի 13-ին նրանք կներկայանան հոբելյանական համերգով: