Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՌՆԵԿՅԱՆԸ ՈՒՐԱԽ Է ՄՏՆԵԼ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»

Տնտեսություն

«Կոնվերս Բանկ Կորպորացիա» ՓԲԸ-ի` Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի» ընկերությունը: Այն գրանցված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ վերահսկվում է արգենտինահայ գործարար պրն. Էդուարդո Էռնեկյանի կողմից:

Ըստ ընկերության տարածած մամլո հաղորդագրության` «Կոնվերս Բանկի» բաժնետոմսերի փոքր մասը, որը կազմում է 5%, բանկի նախկին բաժնետերերից մեկի կողմից նվիրաբերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Մայր Աթոռը ցանկացել է շարունակել մնալ իր բաժնետոմսերի սեփականատեր նոր բաժնետիրոջ հետ միասին:

Այս ներդրումը Հայաստանում պրն. Էռնեկյանի երրորդ խոշոր ներդրումն է, ով տարաբնույթ բիզնես գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում: 2002թ. պրն. Էռնեկյանի կողմից վերահսկվող ընկերություններից մեկը ստանձնել է Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի երկարաժամկետ կոնցեսիոն կառավարումը, դրանով, այդ օդանավակայանը միացնելով Լատինական Ամերիկայում իր կողմից ղեկավարվող օդանավակայանների թվին: 2005թ. պրն. Էռնեկյանը Արարատյան դաշտավայրում նախաձեռնել է քսան միլիոն դոլար արժողությամբ հեռանկարային գյուղատնտեսական նախագիծ:

«Մենք շատ ուրախ ենք մուտք գործել Հայաստանի բանկային ոլորտ` ձեռք բերելով Հայաստանի ամենահաջողակ եւ կայացած բանկերից մեկը», ասել է պրն. Էռնեկյանը գործարքի ավարտից հետո: «Ներկայումս ունենք հաստատուն եւ ուժեղ բանկ, որը նախատեսում ենք ավելի զարգացնել ապագայում: Մենք մտադիր ենք ընդլայնել բանկի կողմից առաջարկվող ծրագրերը եւ հանրությանը մատուցել բարձր որակի ծառայություններ», ավելացրել է նա: