«Մի քիչ էլ մենք պիտի բզբզենք, որ թշնամին զգաստ լինի»
Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը պարբերաբար արկակոծում, ռմբակոծում ՀՀ եւ ԼՂՀ սահմանները: Ազատամարտիկ Շահե Աճեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր պատասխանն ունի. «Դիվանագիտական բոլոր հարցերի լուծումը մտել է փակուղի: Ապրիլին փորձեցին, սակայն միջազգային հանրությունը մի կերպ կասեցրեց լայնամասշտաբ պատերազմը: Մի բան հստակ է, որ այս հարցը պատերազմով է լուծվելու, ուղղակի մենք չգիտենք՝ երբ է լայնամասշտաբ պատերազմը սկսվելու, քանի որ մենք չենք ծրագրավորում: Ընդամենը մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որ այդ անակնկալ հարձակումը դիմակայենք առաջիկա ժամերին»: Մյուս բանախոսը՝ «Ողջ մնալու արվեստ» ՀԿ ղեկավար, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը եւս նույն կարծիքին էր՝ ինչո՞ւ մենք պետք է անընդհատ կռահենք թշնամու հարձակումները, այլ ոչ թե լինենք նախաձեռնող. «Հիմա գնդակը հակառակորդի դաշտում է: Անընդհատ թշնամուն թողնենք, որ որոշի՝ որ ուղղությամբ հարձակվի, մի օր էլ կխփեն Վանաձոր կամ Երեւան քաղաքներին: Նախահարձակ չլինելը մեծ բացթողում է մեր քաղաքական ու ռազմական մտքի: Ինձ համար զգուշավորության մեծ առարկա է, որ Պաշտպանության նոր նախարարը ռազմական գործիչ չէ. նա անընդհատ պետք է վերեւ նայի, այլ ոչ թե դեպի թշնամին»: Պարոն Վարդանովը բավականին խիստ գնահատականներով խոսեց նախահարձակ չլինելու մեր ռազմավարության մասին. «Եթե նախահարձակ չես, ապա նշանակում է՝ չես էլ պարապում, պատրաստ չես: Գոնե մի քիչ էլ մենք պիտի բզբզենք, որ թշնամին զգաստ լինի: Մեկ-մեկ մեր կողմից հարձակումը միայն պատվի հարց չէ, դա ռազմավարության հարց է, դա զինվոր դաստիարակելու հարց է. ով չի ուզում Բաքու մտնել, պառավական լեզվով ասած՝ նրա քոքը կտրվի, ով չի ուզում դա, իր ենթագիտակցության մեջ ուզում է, որ Երեւանն էլ կործանվի: Դիվանագիտությունն ընդամենը ամենակարող է երկարաձգելու այս պատերազմը: Բա, որ մի օր էլ թշնամին գուտուց ներքեւ խփի, թեեւ մենք կարողացանք, ապրիլյան պատերազմում մի լավ հարված տվեցինք իրենց»: Ըստ նրա՝ աշխարհը հաշվի է նստում միայն նախահարձակ լինողի հետ. «Հիշենք Հիտլերի պատմությունը. աշխարհն ավելի շատ բանակցում է ագրեսորի հետ, իսկ մեր պարագայում սահմանի վրա սրացումները հիմնականում լինում են կամ թուրքական սուգ օրերից առաջ, կամ բանակցություններից առաջ: Ադրբեջանի հետ պետք է վարվենք ինչպես շան հետ՝ ինքը կծում է, «ֆու» կամանդայով կարող ես զսպել իրեն, ստիպես՝ ինչ-որ բան անել. մեր հակառակորդին՝ մեր շանը, սովորեցնենք, որ մեզ գարեջուր բերի, նավթ կիսի: Այսօրվա մեր ռեֆլեկտոր քաղաքականությունը գորտն էլ է անում. դպրոցում նման փորձեր անում էինք, երբ կիսլատայի մեջ գցում էինք առանց գլխի գորտին, նա ոտքը կարողանում էր բարձրացնել»: Հրամանատար Վովա Վարդանովի վստահեցմամբ՝ մեր ռազմական պատրաստվածությունը տեղ-տեղ լավ է, տեղ-տեղ էլ շատ լավ, հատկապես սահմանամերձ գոտում. «Սակայն, եթե զինվորին սովորեցնում ենք միայն պաշտպանվել, դա միայն վատ հետեւանքների կարող է բերել: Եկեք մենք դրակոն լինենք, մինչդեռ մենք սպիտակ ասպետ ենք, որ շիթով միայն պաշտպանվում է, մինչդեռ հայրենիքը պաշտպանելու համար անգամ ստոր քայլերի պետք է դիմես»: Նա կողմ է, որ բանակի համար հազար դրամ գանձվի, սակայն այլ մոտեցում ունի. «Ես կողմ եմ որոշակի տոկոսի, օրինակ՝ ինչ-որ տրանսպորտային խախտում է արվել, դրանից ամսվա վերջ տոկոս պահվի: Պետք է ուղղակի խիստ վերահսկողություն լինի, դահլիճ լինի, որ ձեռքը կամ այլ անդամներ կտրի գողության դեպքում»: