Իշխանությունը ցինիզմի սահմանն անցել է. Արամ Կարապետյան (տեսանյութ)
Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը, կարմիր գծերից ու արագաչափ սարքերից ստացված եկամուտները պետությանն ուղղելը զուտ նախընտրական բնույթ է կրում։ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի վստահեցմամբ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունը բացարձակապես միտք չունի խորքային փոփոխություններ իրականացնել։ Գլխավորը հարցը, որի շուրջ պետք է քաղաքացիները մտածեն, դա այն է, թե ինչու 2008 թվականից իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանը ավելի շուտ բարեփոխումներ չձեռնարկեց։ «Այս փիառը երկարատև չի, նույնիսկ իրենք են հատուկ ցինիզմով ասում՝ 6 ամսվա խնդիր է։ Կառավարության ծրագիրն ինքը 6 ամսվա խնդիր է։ Ես չգիտեմ աշխարհում որևէ երկիր, որտեղ նոր կառավարությունը 6 ամսվա ծրագիր ներկայացնի»,- ասում է պարոն Կարապետյանը։ Արամ Կարապետյանը նաև հարց է բարձրացնում՝ ինչու պետությունն ինքը չնախաձեռնեց կարմիր գծեր քաշելը, կամ արագաչափ սարքեր տեղադրելը։ Այս ընթացքում ամբողջ եկամուտները կգնային պետական բյուջե. «Ի՞նչ, փող չի ունեցել ներկ կամ արագաչափ սարք գնելու։ Ինչո՞ւ է ներառել մասնավորին։ Աշխարհի ո՞ր երկրում է պետական տուրքը կիսվում մասնավորի և արտաբյուջետային ֆոնդի մեջ։ Ով է այդպիսի բան տեսել»։ Նրա համոզմամբ՝ իշխանությունը խնդիր ունի ձայներ հավաքելու։ Այդ գործին 2017 թվականին կարող է չօգնել անգամ զանգվածաբար ընտրակաշառքներ բաժանելը։ Քաղաքական գործիչն իշխանությունների գործողություններում անգամ ցինիզմ է նկատել։ «Իշխանությունը ցինիզմի սահմանն անցել է։ Իրենք ասում են՝ մենք հիմա ուզում ենք ամեն ինչ անել վերարտադրվելու համար և հիմա մենք ստեղծում ենք համապատասխան հիմքերը ապագայում գրված թիվը փաստարկված դարձնելու համար։ Այսինքն տեսեք՝ մենք սկսել ենք աշխատել, գազի գինը իջեցրինք, սա ու սա արեցինք, սրանով հավաքեցինք հավելյալ այսքան ձայն»,- հավելեց նա։