Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԻ» ԹՌԻՉՔԻՆ ՄՆԱՑ 3-4 ՏԱՐԻ

Տնտեսություն

3-4 տարի հետո Հայաստանն էլ հնարավորություն չի ունենա հպարտանալ իր երկնիշ տնտեսական աճերով: Այս կանխատեսումներն այսօր հնչեցրեցին հայ եւ օտարերկրացի մասնագետները «Հայաստանի տնտեսական զարգացումներ» 2005 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ:

Հետագայում երկնիշ տնտեսական աճ գրանցելու նախապայման հանդիսանում է այն, որպեսզի Հայաստանում սկսվեն իրականացվել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, առանց դրա երկրի տնտեսությունն այլեւս չի կրկնի իր ֆենոմենը, համոզված է Հայաստանում Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոսը: Վերջինս ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ եթե տնտեսության որոշ ճյուղերում տարիներ շարունակ գրանցվել է աճ, ապա նույնը չի կարելի ասել մաքսային եւ հարկային վարչարարությունների մասին: Կան նաեւ այլ ոլորտներ, որտեղ առհասարակ զարգացում չի եղել կամ շատ քիչ է եղել, ասում է պարոն Ռոբինսոնը՝ ասածն ապացուցելու համար վկայակոչելով այն ուսումնասիրությունները, որոնք Համաշխարհային Բանկը Հայաստանում իրականացրել է Եվրոբանկի հետ միասին: Այլ կերպ ասած, պարոն Ռոբինսոնը փորձում էր ապացուցել, որ շատ հեշտ է եւ արդյունավետ բարեփոխումներ անել, երբ ամեն ինչ վատ է:

ՀԲ ներկայացուցիչը դժվարացավ հստակորեն նշել Հայաստանում գոնե մի մարդու, ով ի վիճակի կլինի իրականացնել անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Պարոն Ռոբինսոնը խուսափողական պատասխանեց, որ աշխատել է Հայաստանի կառավարության անդամների հետ եւ կառավարությունն իր կազմով բավական կայուն է:

Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհդատվության հայ-եվրոպական կենտրոնի կողմից պատրաստած Զեկույցի ներկայացման ժամանակ այսօր, իհարկե, նշվում էր Հայաստանի տնտեսության զարգացման կայուն տեմպերը: Հատկապես տպավորիչ է, օրինակ՝ 2005թ. ՀՆԱ ցուցանիշով (14.0%) Հայաստանը երկրորդն է 181 երկրների շարքում կամ էլ հետեւյալը. եթե Հայաստանը եւ ԵՄ երկրները պահպանեն վերջին 5 տարիների միջին տարեկան աճի տեմպերը (12.2% եւ 1.8%), ապա 19 տարի հետո մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը կհավասարվի ԵՄ միջին ցուցանիշին:

Այսպիսով, զեկույցի վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը՝ անհասկանալի է ինչի հաշվին, մրցակցում է այնպիսի երկրների հետ, որոնք ունեն նավթային եւ գազային մեծ ռեսուրսներ: Պատրաստված զեկույցից ընդհանուր առմամբ գոհ էր նաեւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, որը ներկաներին հավաստիացրեց, որ տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանվելու են, որովհետեւ կուտակված է մեծ ներուժ, որը կպահպանվի առաջիկա 3 տարիներին: Այսպիսով, ԿԲ նախագահը նույնպես նշեց այն ժամկետը, որը անհրաժեշտ է ռազմավարությունը վերանայելու համար՝ հետագա զարգացումը ապահովելու նպատակով:

Համաշխարհային Բանկի ներկայացուցիչն իր հերթին վերհիշեց, որ 5 տարի առաջ, երբ առաջին անգամ եկավ Հայաստան չէր էլ կարող մտածել, որ այսօր կներկայացվի շատ դրական մի զեկույց. «Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեզ զարմացնել: Նույնիսկ իմ պես ալեհեր մարդկանց եւ տարբեր բանկերում աշխատելուց «կապտուկներ» ունեցողներին: Այսինքն՝ այստեղ անընդհատ կատարվում է մի բան, որը մեզ զարմացնում է»: Սակայն պարոն Ռոբինսոնը մի քանի անգամ զգուշացրեց, որ տնտեսական զարգացման երկնիշ թվերը հավերժ չեն շարունակվելու, եւ եթե ռազմավարությունը չվերանայվի առաջիկա տարիների ընթացքում, ապա ապա ընդհանրապես զարգացում կարող է չլինել: Դա իր հերթին հաստատեց նաեւ ԿԲ նախագահը, որը օրինակ բերեց, որ մոտեցումները չվերանայելու եւ ճիշտ չկողմնորոշվելու դեպքում Եվրոպական երկրներին 19 տարի հետո հավասարվելու կանխատեսումը կարող է չիրականանալ: