«Մեր տնտեսությունը շատ ծանր վիճակում է».Կ. Կարապետյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջինը փորձեց հարց ուղղել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Նա վարչապետին հիշեցրեց ՀՀԿ նիստում նրա հայտարարությունը, թե իր գործունեությունը երկու փուլից է բաղկացած լինելու եւ հետաքրքրվեց՝ ինչ է պատրաստվում անել, եւ կադրային ինչ փոփոխություններ է անելու: Կարեն Կարապետյանն ի պատասխանն ասաց, որ չեն լինելու արագ փոփոխություններ. «Կլինեն քայլեր, որոնք մոտ ապագայում ենք անելու, իսկ հետո պարզ կդառնա՝ որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Սպասելիքներ, թե մեր տնտեսությունը արագ փոխվելու է, նման սիգնալներ չենք տալու, այլ կասենք, թե ինչ ուղղությամբ ենք տանելու, որ մաքսիմալ բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Միգուցե ասածս ընդհանուր ձեւակերպումներ էին, սակայն կարծում եմ՝ մարդն իրեն երջանիկ պետք է զգա իր եկամուտներով»: Ինչ վերաբերում է կառավարությունում կադրային փոփոխություններին, ապա Կարեն Կարապետյանը նշեց, որ մաքսիմալ պրոֆեսիոնալ թիմ է հավաքելու. «Կուսակցական պատկանելիությունը այնքանով կապ կունենա, որ պրոֆեսիոնալ լինեն»: Լյուդմիլա Սարգսյանին չբավարարեցին վարչապետի պատասխանները, որին ի պատասխան նա ասաց. «Ես մեկ ու կես օր է, ինչ վարչապետ եմ, ու պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, տնտեսության մեջ համակարգային փոփոխություններ պետք է անենք: Պետք է բաց ասենք, որ մեր տնտեսությունը շատ ծանր վիճակում է»: