Քաղաքի երեխան այլ կերպ է ընկալում զենքը, սահմանամերձ գյուղինը՝ այլ (տեսանյութ)
Մինչեւ յոթ տարեկան հասակի երեխայի համար կարեւոր է, թե ինչ տեսակի խաղերով է հետաքրքրվում ու ինչ խաղեր են նրան տրվում խաղալու: Զենք-խաղալիքների համաշխարհային օրվան նվիրված ասուլիսին այսօր ասաց հոգեբան Աիդա Առաքելյանը: Ըստ նրա՝ երեխան նոր-նոր է սկսում բացահայտել աշխարհը, ու ինչպիսին ներկայացնում են նրան աշխարհը, այնպես էլ ձեւավորվում է ընկալումը. «Արդյունքում երեխաները կարող են ավելի ագրեսիվ դառնալ. զենքը՝ որպես խաղալիք, բացասական ազդեցություն է ունենում, քանի որ խաղալիքը աշխարհի ճանաչման միջոց է: Եթե երեխան կարող է զենքը բարձրացնել հասակակիցների վրա, դա գործողությունների մոդել է ստեղծում: Եթե մեծահասակ տարիքում լինի համապատասխան իրավիճակ, նա կարող է շահարկել այդ մոդելը»: Լրագրողի այն հարցրին, որ սահմանամերձ համայնքներում պատկերն այլ է՝ այնտեղ զենք-խաղալիքներն այլ իմաստ ունեն՝ պաշտպանողական, հոգեբանը նշեց, որ դա ցավալի իրողություն է, երբ սահմանամերձ համայնքների երեխաները ստիպված են լինում իրենց մանկությունն անցկացնել նման իրավիճակում ու ընդունել արտաքին աշխարհը՝ որպես տագնապալի մոդել, որտեղ ապահովված չէ ինքը»: Աիդա Առաքելյանի խոսքերով՝ զենքի հետ ծանոթացումն ինքնին բացասական չէ երեխայի համար, սակայն այդ ծանոթացումը չպետք է լինի խաղի միջոցով. «Ի դեպ, համակարգչային ռազմական խաղերը շատ արդիական են այսօր, հիմա խնդիրը սուր է՝ կապված վիրտուալ իրականության հետ: Երեխան մտնում է խաղի մեջ ու ընդունում է խաղի կանոնները, որն էլ ազդում է նրա վարքագծի վրա: Արեւմտյան մշակույթում համակարգչային նմանատիպ խաղերի արդյունքում տեսնում ենք ինքնասպանության փորձեր: Վերլուծելով նրանց հոգեբանությունը՝ տեսնում ենք, որ նրանք խաղամոլ են եղել: Նմանատիպ խաղերը ստեղծում են նախադրյալ ագրեսիվության համար»: Ըստ նրա՝ պատերազմող երկրում, երբ երեխան մեծանում է նման ռազմական միջավայրում, անձի զարգացման համար բացասական զարգացում է տեղի ունենում. «Հաշվի առնելով սահմաններում լարված իրավիճակը՝ երեխան պետք է ունենա ապահովության զգացողության մի բազա, որը նա կրելու է իր ամբողջ կյանքում ու որն էլ որոշում է նրա սթրեսակայունությունը: Այստեղ կարեւոր է ծնողների վերաբերմունքը, որ գոնե ընտանիքում ստեղծվի ապահովության զգացողություն: Եթե զենքը ծառայում է վստահության ստեղծմանն ու ինքնապաշտպանությանը, պայմանականորեն ավելի ճիշտ է ու դրականորեն է ազդում, քան Երեւանում բնակվող երեխայի դեպքում, որը միայն համակարգչային խաղերի միջոցով է առնչվում զենքի հետ»: