Սուրեն Բարսեղյանը լավատես է Դանիա – Հայաստան խաղից առաջ (տեսանյութ)
«Եթե թիմը պարտություն է կրում, անգամ բարեկամական խաղում, միեւնույն է, այն հոգեբանորեն ազդում է ֆուտբոլիստների վրա», - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Սակայն նա լավատեսորեն է տրամադրված Դանիա – Հայաստան խաղից առաջ, չնայած մեր թիմը երկու օր առաջ ընկերական խաղում պարտվել էր Չեխիայի ազգային թիմին: «Իմ գլխավորած հավաքականը հիմնականում զբաղված էր մրցակցին դիմակայելով, մտածում էինք խոշոր հաշվով չպարտվելու մասին: Այսօր մենք ունենք այնպիսի թիմ, որը կարող է մրցակցել ցանկացած հակառակորդի հետ»: Սուրեն Բարսեղյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականը կարող է հաղթահարել հոգեբանական խնդիրը, եթե մինչեւ Դանիայի հետ խաղը մարզիչները լրջորեն քննարկեն եւ վերլուծեն Չեխիայի հետ խաղում թույլ տված սխալները եւ ճիշտ մարտավարություն ընտրեն: Նրան մտահոգում է միայն մեկ խնդիր: «Եթե Հենրիխ Մխիթարյանը, այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով չկարողանա մասնակցել Դանիայի հետ խաղին, ապա դա մեծ կորուստ կլինի մեր թիմի համար: Առանց նրա փոխվում է հավաքականի եւ մարտավարությունը, եւ խաղը, եւ հնարավորությունները», - եզրակացրեց փորձառու մասնագետը: