«Գնա տես՝ մերդ ոնց ա վրեդ լացում». ոստիկաններն ակտիվիստին (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը ոստիկանության Էրեբունու բաժանմունք է դիմել՝ քննություն անցկացնելու իր նկատմամբ կիրառված բռնության փաստով։ Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 19-ին Սարի թաղում։ Ինքը ակամա հայտնվել է ոստիկանների ու քաղաքացիների միջև բախման կիզակետում, երբ լսելով միջադեպի մասին գնացել է այնտեղ։ «Հարձակումը միանգամից ուղղվեց ինձ վրա, հափշտակել են հեռախոսս, ծեծել են ինձ, ոստիկաններից մեկն էլ ասել էր՝ գնա տես՝ մերդ ոնց ա վրեդ լացում»,- հիշում է ակտիվիստը։ Այս միջադեպին նախորդել է նրա փաստաբանի ահազանգը լրատվամիջոցներին, թե Միքայել Նազարյանին առանց հիմնավորման տարել են ոստիկանության Աշտարակի բաժին, իրեն էլ թույլ չեն տվել տեսակցել։ «Ես փորձել եմ դուրս գալ, չեն թողել, զրկել են բոլոր իրավունքներից, անձնական գույքի օգտագործման, ազատ տեղաշարժի, 24 ժամվա ընթացքում ոչ սնունդ է տրամադրվել, ոչ քնելու հնարավորություն է տրամադրվել»,- ասում է Նազարյանը։ Փաստաբան Սարգսյանը հավելում է. «Վստահորդս այնտեղ էր գտնվում 32 ժամ՝ առանց սնունդի, և դա, կարծում եմ, ոստիկանության կողմից ոչ այլ ինչ է, քան խոշտանգում»։ Փաստաբանը զբաղվում է նաև Սարի թաղի դեպքերից հետո հուլիսի 18-ից ձերբակալված քաղաքացիներ Նարեկ Չիլինգարյանի, Արթուր Շառյանի, Աբգար Գասպարյանի, Տարոն Հարությունյանի իրավունքների պաշտպանությամբ։ «Անհիմն ձերբակալություններ են։ Նշվում է, որ անձինք ձերբակալվել են նշված արարքը կատարելու պահին, բռնվել են, սակայն դա այդպես չի, քանի որ ձերբակալվել են բերման ենթարկվելուց մոտ 12 ժամ հետո»,- ասում է Սարգսյանը։ Փաստաբանը կդիմի դատարան՝ իր վստահորդների նկատմամբ կայացված ձերբակալման որոշումները բողոքարկելու համար։