«Աճեցրել ենք առնետներ, դրանցից ազատվել է պետք» (տեսանյութ)
Ստեղծագործական միությունների ղեկավարները կոչ են անում իշխանություններին եւ «Սասնա ծռեր» խմբի անդամներին՝ անել ամեն բան, որպեսզի արյունահեղություն չլինի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նրանք խոսեցին տղաների արարքի պատճառահետեւանքային կապի, ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախումների, ինչպես նաեւ իրավիճակից հավանական ելքերի մասին: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ զարմանալի էր, թե ինչու Խորենացի փողոցում նախորդ գիշեր ոստիկանությունը սկսեց բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ, բայց եւ չի հասկանում, թե ինչպես կարելի է քարերով հարվածել ոստիկաններին. «Դա արդեն գրգռում է: Ինչ-որ մեկին, ըստ երեւույթին, դա պետք է»,-ասաց նա: Ասուլիսին ներկա՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ իշխանությունները պետք է դասեր քաղեն անցյալից, որպեսզի նման իրադարձություններ տեղի չունենան. «Այսպես չի կարելի շարունակել: Այդ տղաները, որոնք գտնվում են այնտեղ, նրանց նկատմամբ պետք է լինի արդար լուծում, արյունահեղություն չպետք է լինի, բայց դրանից հետո ինչ- որ մի բան պետք է փոխվի: Անցյալ տարի էլեկտրաէներգիայի պայքարը, մարդիկ, որոնք բազմաթիվ տարիներ մնացել են իրենց տներից դուրս... Հարցեր չեն լուծվում, գերատեսչությունները չեն անում իրենց գործը, մարդկանց հետ չեն խոսում, եւ այդ բոլորը մթնոլորտ է ստեղծում: Ինչպե՞ս կարելի է մարդկանց այդպես վերաբերվել, ցինիզմով պատասխանել, չէ՞ որ այդ բոլորը կուտակվում է եւ մեծ դժգոհության ալիք է բարձրանում: Հիմա այդ ալիքի կետը վերցրել են տղաները, որովհետեւ արյան հոտը իրենք գիտեն»,-նշեց նա: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նույնպես այն կարծիքին է, որ իշխանությունները պետք է վաղուց հետեւություններ արած լինեին, այնուամենայնիվ, նա չի կարծում, թե «Սասնա ծռերի» քայլ այն ճանապարհն է, որով կարելի է հարցեր լուծել: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ում խոսքով՝ ՊՊԾ շենքը գրաված տղաները փառահեղ ազատամարտիկներ են, սակայն այսօր նրանք էյֆորիկ վիճակում են հայտնվել. «Կոչ եմ անում նրանց սթափվել, հասկանալ, թե ինչ են անում, ինչու են պատանդ վերցնողի պիտակով դրոշմվում: Երկու կողմում էլ մեր եղբայրներն են»: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանց էլ այն կարծիքին է, որ պետք է ամեն գնով խուսափել արյունահեղությունից, պարզապես դրա համար մեխանիզմներ են պետք, որոնք ոչ թե ժողովուրդը կամ մտավորականները պետք է ասեն, այլ համապատասխան գերատեսչությունները. չէ՞ որ նրանք դրա համար աշխատավարձ են ստանում մեր տուրքերից: Գեւորգյանցը կարծում է, որ ելք կլիներ, եթե իշխանությունները կատարեին տղաների առաջին պահանջը՝ ազատ արձակեին Ժիրայր Սեֆիլյանին, սակայն ոչ միայն դա չարեցին, այլ չեն կատարի նաեւ հրաժարականի պահանջը. «Նաիրի Հունանյանն էլ էր ասում, որ մտել ենք արդարության, ժողովրդի համար, բայց ի՞նչ եղավ՝ սպանություն, որից հետ երկիրը գնաց լրիվ ուրիշ տեղ, որ չէինք ուզում: Այդ մեթոդները չեն ազդում»,-ասաց նա: Խոսելով ՊՊԾ շենքը գրաված տղաների մասին նա նշեց՝ «Նրանք ազնիվ տղաներ են: Համոզված եմ, որ այն մահը, որ, ցավոք սրտի, եղել է, միտումնավոր չի արվել: Տղաներն այս քայլին ստիպված են գնացել, որովհետեւ արդեն անհնարին է դիմանալ այսքան առնետների գոյությանը Հայաստանում: Այլեւս Հայաստանը չի կարող գնալ նույն ճանապարհով, ինչքան գնացել է 25 տարի, 25 տարի աճեցրել ենք առնետներ, դրանցից ազատվել է պետք»: Կինեմատոգրաֆիստների միության նախագահը նաեւ հավելեց, որ մտահոգիչ է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը. «Այդ հարցը թաքուն թղթերով պահվում է պահարաններում, բայց մենք պետք է իմանանք: Չգիտեմ՝ ով է մեզ ինչ պարտադրում, բայց մեկ մարդ չի որոշելու դա, ոչ էլ պառլամենտը, դա պետք է որոշի ազգի ռեֆերենդումը, որով բոլորը կասեն ՝ մեկ սանտիմետր հող չենք տա»: Պարոն Գեւորգյանցը բախման կետերում մտավորականների ներկայությունը համարում է թատրոն, իսկ, ահա, Մկրտիչ Մինասյանը եղել է Խորենացի փողոցում, երբ այնտեղ իրավիճակը լարված էր, եւ հավատացնում է, որ նման դեպքերում մտավորականներին ոչ ճանաչում են, ոչ էլ՝ լսում. «Այնպես չէ, որ, ասենք, տիկին Աստղիկը Քիմ Քարդաշյանն է, որ իրեն հանկարծ պիտի լսեն»,-եզրափակեց նա: