«Լուծումը չպետք է տա ոստիկանությունը, այլ երկրի նախագահը». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
Մտավորականներին, ովքեր գտնում են, որ ժողովրդի կողմից սեր եւ հարգանք են վայելում՝ կոչ եմ անում գալ եւ պատ կազմել ժողովրդի եւ ոստիկանների միջեւ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտավորականներին նման կոչով հանդես եկավ գուսան Հայկազունը. «Որտե՞ղ են պատգամավորները, Ազգային ժողովում կռիվ են անում միկրոֆոնի համար, որտե՞ղ են»: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, իրական մտավորականները նրանք են՝ ում տեսնում ենք ՊՊԾ շենքի մոտ: «Մյուսները օգտվել են «կերակրամանից, ու դա է իրենց զսպում չգնալ»: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին ուղղված մտավորականների նախօրերին հնչեցրած կոչին՝ Մարտիրոսյանն ընդգծեց. «Էս մարդիկ, ովքեր եղել են էդ կոչի հեղինակները՝ իրանք չեն տարբերում ինչ է նշանակում պետություն, հայրենիք, որ կարելի է երեխայի կյանքը զոհաբերել հայրենիքի համար: Իրենք էդպիսի բան չեն արել, իրանց գլխով չի անցել, իրենց բջիջները չեն զգացել, դրա համար էլ էդպիսի բաներ են անում: Բայց ասում եմ՝ ստորագրողների մեծ մասը չգիտի էլ՝ ինչի տակ է ստորագրել» : Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակի ամենակարեւոր պատճառներից մեկն էլ քաղաքական դաշտի փակ լինելն է: Երբ փակվում է քաղաքական դաշտը՝ մարդիկ այլ ճանապարհով են հարցեր փորձում լուծել: Հայաստանի ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանի խոսքերով պետության ապագայով մտահոգված անձինք պետք է գնան երկխոսության: «Պետք է լինի քաղաքական երկխոսություն: Լուծումը չպետք է տա ոստիկանությունը, այլ՝ երկրի նախագահը» :