«Վայր դրեք զենքերը, հերոսացեք, առաջին քայլը դուք արեք» (տեսանյութ)
«Նրանք մեր թշնամին չեն, բոլորը կռված տղերք են»,-այսպես բնութագրեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Շատ ավելի հեշտ կլիներ, երբ մեր դիմաց նստած լիներ օտարերկրյա մի խումբ, որն ուզում է մեր երկիրը հեղաշրջել, բայց այստեղ նստած են մեր հայրենակիցները եւ լավագույնները, ինձ թվում է։ Նրանք հարցեր ունեն, պետք է պատասխանների սպասենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ իրեն զարմացնում է իշխանությունների լռությունը. «Ինչու՞ մինչ օրս երկրի առաջին դեմքերը, կուսակցության առաջնորդները չեն խոսել, ասել՝ ժողովուրդ, հանգիստ եղեք, այս ամենը գնահատվում է, քայլեր են արվում եւ այլն։ Ժողովուրդը կարիք ունի ընտանիքի մեծի ձայնը լսելու»,-նշեց նա։ Պարոն Մինասյանը համաձայն է մտավորականների այն կոչին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը եւ խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով՝ բացառելով արյունահեղությունը։ «Ապրիլյան չորսօրյա մեր վերելքից հետո հանկարծ նորից փոսի մեջ ընկանք։ Մեծ աշխարհը մեզ տեսնում է որպես վտանգավոր երկիր, դրանից պակասում է եւ զբոսաշրջիկների հոսքը, եւ ներդրումները, եւ կորցնում ես քո ռեյտինգը որպես երկիր, որը խաղաղ է, իսկ Հայաստանը միշտ խաղաղ է եղել՝ նույնիսկ պատերազմի ժամանակ»։ Հանդիպմանը ներկա էր նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ով նույնպես կոչ արեց ապստամբներին վայր դնել զենքերը։ «Ես դատավոր չեմ, չեմ կարող որեւէ մեկի քայլը դատապարտել, բայց ես ուզում եմ տղաներին ասել՝ վայր դրեք զենքերը, հերոսացեք, առաջին քայլը դուք արեք, գնացեք երկխոսության։ Եթե վաղը նպատակդ չստացվի, ի՞նչ ես անելու այդ պատանդի հետ, սպանելու՞ ես։ Սա ի՞նչ օրինակ է արաբական աշխարհի»։ Կոմպոզիտորի կարծիքով՝ մեզանում շատացել է ագրեսիան եւ անհանդուրժողականությունը։ «Երբ մասսայական դաստիարակչական արժեքների համակարգը բարձրացնող օղակները մշտապես զբաղված են սեփական բիզնեսով եւ սերիալային, եւ սպանությունների քարոզչությամբ, ամեն օր ամեն ընտանիքի մեջ մարդուն դարձնում են ավելի մենակ։ Այդ մենակության մեջ մի մարդը մյուսի հանդեպ ունի նեգատիվի զգացողություն։ Սա մեր ազատության այն սխալ ուղղությունն է, որը ազգային դիմագիծ է խախտում այսօր»։