Խորենացի փողոց բերվեցին աղբամանները (տեսանյութ)
Խորենացի փողոցի վրա այն պահին, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մի խումբ համախոհների հետ գնում է Սարի թաղ՝ իրավիճակը ճշտելու, սկսվեց բախում ոստիկանների ու հավաքվածների միջեւ: Երկու կողմից սկսեցին իրար վրա նետել պլաստիկե շշեր, քարեր, ձեռքին եկած ամեն ինչ: Քիչ անց ոստիկանության կողմից մարդկանց ուղղությամբ սկսեցին նետել արցունքաբեր, խեղդող պայթուցիկներ, որի արդյունքում հավաքված բազմությունը մի փոքր հետ ընկրկեց: Ոստիկանները, ռետինե մահակներով զարկելով վահաններին, սկսեցին առաջանալ: Մարդիկ վազեցին դեպի շենքերի բակեր: Ոստիկանները եւս զայրացած էին ու հնչում էին փոխադարձ հայհոյանքներ: Մարդկանց նետվող պայթուցիկները հրավառության էին վերածվում: Ոստիկանները մեկ առաջ էին գալիս, մեկ հետ ընկրկում. նրանք մի քանի ուղղություններով մարդկանց հետապնդեցին: Ոստիկանության շարքերում երեւում էին ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը. նրանք էին ուղղություն ցույց տալիս իրենց ենթականերին: Հարակից շենքերի բնակիչները պատշգամբներից եւս փորձում էին սաստել ոստիկանությանը: Շենքերից մեկի բակում ոստիկանների կողմից նետված քարերից մեկը դիպել էր մի քաղաքացու, խորը վերք արել նրա ճակատին: Եկավ շտապօգնության մեքենան: Զայրացած ոստիկաններին նրանց վերադասը մեծ դժվարությամբ կարողացավ բերել ելման կետ ու ստիպեց նորից նախկին տեղում շարք կազմել: Այդ ընթացքում մի խումբ երիտասարդների կողմից շարունակվում էր քարերի նետումն ու հայհոյանքների տեղատարափը ոստիկանների ուղղությամբ: Քիչ անց եկավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այդպես էլ չէր կարողացել հասնել Սարի թաղ՝ նրան զանգահարել, հետ էին կանչել: Նա մի խումբ համակիրների հետ միասին սկսեց քայլել քարածածկ, շշածածկ փողոցով ու կոչ անել երկու կողմերին դադարեցնել քարերի նետումը: Նա փորձեց բանակցել ոստիկանության հետ, սակայն ոստիկանության վահանների հետեւից իրադարձություններին հետեւող ՀՀ փոխոստիկանապետերն ու Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, տեսնելով պատգամավորի քայլը, հետ գնացին՝ հրաժարվելով բանակցել: Քիչ անց ոստիկանության կողմից քարեր նետվեցին պատգամավորի ուղղությամբ: Իրավիճակը սկսեց էլ ավելի լարվել: Երիտասարդների մի խումբ որոշեց որոշակի սահման գծել մարդկանց ու ոստիկանության միջեւ եւ այս անգամ եւս, ինչպես Էլեկտրիկ Երեւանի դեպքում, փողոցի մեջտեղ բերվեցին «Սանիտեք» ընկերության աղբամանները՝ աղբի մեծ ծավալով: Աղբամանները շուռ տրվեցին փողոցի կենտրոնում՝ դարձնելով բարիկադներ: Խորենացի փողոց եկավ նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս պահին Տեր Հայրը չի կարողանում խոսել. լեզվակռիվը չի դադարում. <հերոսներից> մեկը հայտնի տաքսիստն է;