Պատմում են բռնության ենթարկված ակտիվիստները (տեսանյութ)
Ոստիկանությունը երեկ երեկոյան ուժ կիրառեց այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատրաստվում էին հանրային քննարկում անել Ազատության հրապարակում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վարդան Ղումաշյանն ասում է. «Կանգնած էինք, մասկեքով մտան տարբեր մասերով հրապարակ ու վայրենավարի, անմարդկային ձևերով, իրար վրա նստած, մեկը ոտքն էր դնում մերոնց վրա, այլանդակ ձևով տարան»։ Բերման ենթարկված քաղաքացիների մի մասին էլ տեղափոխել էին ոչ թե ոստիկանության բաժանմունքներ, այլ ոստիկանության զորքերի զորամաս։ «Պառկեցրեցին, սկսեցին ոտքերով հարվածել, ձեռքերներս կապել էին հետևի վրա, այնպես որ շարժվելու հնարավորություն չունենանք, կարտոշկի մեշոկի պես քացով բռթում էին մեքենաների մեջ։ Ներսում խփում էին, ամենաայլանդակ հայոհոյանքները»,- հիշում է Վահագնը։ Տուժել է նաև Տիգրանը Ավագյանը, ով Ազատության հրապարակ եկել էր «Սասնա Ծռեր» ջոկատի կազմում իր հետ կռված տղաներին աջակցելու։ «Մենք փորձում էինք Ազատության հրապարակից դուրս գալ, ինձ 6-7 ոստիկաններով ծեծի են ենթարկում։ Ես խառնվում եմ այդ կռվում նրա համար, որ տեսնում եմ ոնց են երիտասարդ աղջկան խփում»։ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ֆիզիկական հարձակման ենթարկվել է քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչից հետո։ «Առաջին հարվածը քթով եմ կերել, աչքերիցս կայծ է թռել այդ պահին, հայհոյել եմ ես այդ ոստիկանին։ Երեքիս սկսեցին հարվածները, սա աննախադեպ էր, երբեք չի եղել այս ձև»։ «Նոր Հայաստանի» անդամի պնդմամբ՝ իր ու հավաքի մյուս մասնակիցների նկատմամբ ոստիկանները բռնությւոնները չեն դադարեցրել նաև ոստիկանության զորամասում։ Վահագն Ղումաշյանը պատմում է. «Որևէ իրավական աջակցություն չի եղել, սկզբնական հատվածում շատ ագրեսիվ էին, պառկած տեղը բոլորին խփում էին։ Արնահոսում էի, ոստիկանը խփելով գալիս էին, ինձ որ տեսավ արյունահոսում եմ ամբողջ հատակը արյուն է, չուզեցավ խփի... բարություն արեց»։ Ոստիկանությունը իշխանությունների ձեռքին պատժիչ գործիք է, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ոստիկանության նման գործելակերպում բացառապես քաղաքական երանգներ է տեսնում։ «Նրանք ոստիկանությանը դիտարկում են որպես մահակ, որի օգնությամբ պետք է ըմբոստացած հասարակությանը, քաղաքական կուսակցություններին պահել ինչ-որ շրջանակաների մեջ, որը պետք է պարտադիր խառնվի քաղաքական գործընթացներին և պետք է զսպի քաղաքական զարգացումները»։ Ոստիկանությունն իր հերթին հերքում է զանգվածային բռնությունների ու կտտանքների մասին հայտարարությւոնները։ Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարը հնարավոր մեղավորներին պատժելու և իրականությունը պարզելու համար առաջարկում է փաստեր տրամադրել իրենց՝ զանգելով կամ սոցցանցերի միջոցով։