Ucom-ը վերականգնել է ԻՔՄ թեժ գիծը
18. 20 Քիչ առաջ տեղեկացնանք, որ UCom-ը վերականգնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ թեժ գծի հեռախոսահամարն ու համացանցը, որը առավոտվանից արգելափակված էր: Սակայն վերոնշյալ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ դա կարող է նորից կրկնվել: Նման դեպքերի համար նա խնդրում է զանգահարել հետևյալ բջջային հեռախոսահամարով` (041)35-50-42 17. 56 «Առավոտվանից չի աշխատում մեր գրասենյակը սպասարկող UCom-ի հեռախոսահամարը, որը մեր թեժ գիծն է սպասարկում, անջատված է նաև գրասենյակի համացանցը: Եթե համացանցի դեպքում մենք այլ լուծումներ ունենք, ապա թեժ գծի դեպքում այս հեռախոսահամարն է տարածվել և դա շատ լուրջ խնդիր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Այսպիսով՝ քաղաքացիները չեն կարողանում զանգահարել և կազմակերպությանը թեժ գծի միջոցով հաղորդել տեղեկություններ այն մասին, թե ում են բերման ենթարկել և նմանատիպ այլ տեղեկություններ, որոնք կարևոր են իրավապահներին արդարադատության կանչելու համար. «Թեև մեզ վստահեցրին, որ խնդիրը տեխնիկական է , բայց այս ամբողջ շենքում, որը բիզնես կենտրոն է, միայն մեր ինտերնետն է, միայն մեր հեռախոսահամարն է, որ խնդիր ունի, մնացած բոլորի մոտ Ucom-ը նորմալ աշխատում է»: Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ առավոտվանից նույն վիճակն է և խնդիրը չի լուծվում. «Ես հակված եմ կարծելու, որ սա ուղղակի ակցիա է մեր թեժ գիծն անջատելու համար, որպեսզի քաղաքացիները չկարողանան զանգել: Նրանք մեզ զանգում ու հաղորդում էին տեղեկություններ, որոնք առաջիկայում հավանաբար ներկայացվելու են ՄԻԵԴ, իսկ հիմա սա պրոբլեմ է առաջացնում»: Դանիել Իոաննիսյանի խնդրանքով՝ մինչ թեժ գծի հնարավոր վերականգնումը, քաղաքացիներն իրենց հետ կարող են կապվել բջջային հեռախոսահամարներով: