Արթուր Սաքունցը եւ խմբի անդամներին եւ ոստիկաններին համարում է զոհեր (տեսանյութ)
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Էրեբունու ՊՊԾ շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ ոստիկաններին համարում է զոհեր: «Զոհ այն իրավիճակի, որն իշխանությունը ձեւավորել է իր ոչ պատասխանատու քաղաքականության հետեւանքով: Սա նմանեցնում եմ ՔԿՀ-ում գտնվող անձի եւ հիմնարկի աշխատակիցների միջեւ հարաբերություններին, որ անձին այլ ելք չի մնում, քան ինքնավնասում կամ ռեժիմի խախտում կատարելը»: «Զինված հարձակում Երևանում. զարգացումներ եւ հետեւանքներ» թեմայով քննարկման մասնակիցները անընդունելի են համարում զենքի կիրառմամբ խնդիրների լուծումը։ «Անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում եւ խնդրի հետ կապված բոլոր հարցերը պետք է վերադառնան օրինական դաշտ»,- ասում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ավելացնում է, որ անկախ իշխանությունների որակից, քաղաքական գործիչը չպետք է դիմի զենքի: ՊՊԾ շենքը գրաված խումբը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: «Ենթադրենք Սեֆիլյանին ազատ արձակեցին, հետո ինչ է լինելու: Ազատ կարձակեն պատանդներին, նորից կբռնեն Սեֆիլյանին: Բան չունենալով ասելու՝ 2 անձի հետ կապված խնդիրներ են առաջ քաշում»,- նշում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: 100-ամյակն առանց ռեժիմի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ իրավիճակին լուծում գտնելու նպատակով: «Եւ Ժիրայր Սեֆիլյանի հետ պետք է հանդիպի եւ Վարուժան Ավետիսյանի եւ մյուսների հետ, միայն արյուն չթափվի, ամեն ինչի պետք է գնա»,- նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպաններն անդրադառնում են հարյուրավոր քաղաքացիներին եւ ակտիվիստներին բերման ենթարկելու փաստին։ «Մարդիկ կան, ովքեր 14 ժամ գտնվել են անազատության մեջ, ուղղակի, առանց որեւէ դրդապատճառի, արդարացված որեւէ հիմքի՝ ենթարկվել են բռնությունների»,- ահազանգում է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հարց է բարձրացնում. «Ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացիներին տանել ոստիկանության ներքին զորքերի զորամաս, չկա այդպիսի բան: Հասկացանք, ոստիկանության բաժին, ներքին զորքերի զորամասը՝ դա ծառայության վայր է, ոչ թե քաղաքացիական անձանց պահելու վայր, դա մեկ էլ եղել է Պինոչետի ժամանակ, Չիլիի ժամանակ, երբ ստադիոնում էին հավաքում»: Առ այս պահը հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ հիմքով են այդ քաղաքացիները բերման ենթարկվել։