ԱՄՆ և ԵՄ-ն սրել են հարաբերությունները Թուրքիայի հետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը քննադատել է ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որում կոչ է արվում Թուրքիային անհաջող իրականացված հեղաշրջման կասկածյալների իրավունքները պաշտպանել. «Այս փուլում նման հայտարարությունները կարող են կասկածի տակ դնել մեր բարիդրացիական հարաբերությունները։ Մենք հիասթափված կլինեինք, եթե մեր ընկեր-պետությունները պահանջեն մեզանից փաստեր այն դեպքում, երբ մարդասպանների խումբը փորձում է ոչնչացնել ընտրված իշխանությունը»։ Յիլդիրիմը պնդում է, որ Թուրքիայի իշխանությունն ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են բերման ենթարկվածների մասնակցությունը հեղաշրջման փորձին։ Մինչ այդ Եվրախորհրդում ենթադրել էին, որ ձերբակալվածների ցանկը կազմված է եղել մինչ հեղաշրջման փորձը և սա անհնազանդներին լռեցնելու լավ առիթ է։ Թուրքիայում ԱՄՆ-ից «բողոքել» սկսել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկուշաբթի օրվա հայտարարությունից հետո, որում ասվում է, որ ԱՄՆ-ն ևս սատարում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու որոշումը՝ միայն թե թուրքական իշխանությունները դուրս չգան դրա շրջանակներից։ Թուրքիայի հետ հարաբերությունները սրել է նաև ԵՄ-ն. «Այն երկիրը, որտեղ կիրառվում է մահապատիժ, չի կարող լինել Եվրամիության մաս», -հայտարարել է Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆըն Զեյբերգը։ Նրա խոսքով, մահապատժի կիրառումը Թուրքիայում կկանգնեցնի ԵՄ հետ բանակցությունները. «Գերմանիան և ԵՄ մյուս անդամները հստակ դիրքորոշում ունեն այս հաշվով և կատեգորիկ մերժում են մահապատժի կիրառումը»։ ԵՄ արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին էլ հիշեցնում է, որ Թուրքիան մտնելով Եվրախորհրդի կազմի մեջ՝ ստորագրել է Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան, որն արգելում է մահապատժի կիրառումը։ Թուրքիան հրաժարվել է մահապատժի կիրառումից 2004 թ-ին, սակայն, վերջին ապստամբության ֆոնի վրա , Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել բարձրագույն պատժի կիրառման հնարավորությունը։ Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման անհաջող փորձ։ Կիրակի, Էրդողանը ելույթ ունեցավ կողմնակիցների շրջանում և հայտարարեց, որ ժողովրդավար երկրում մարդիկ ստանում են այն, ինչ խնդրում են՝ խոստանալով մահապատժի կիրառման անհրաժեշտության թեման քննարկել նաև ընդդիմության հետ։ Աղբյուր՝ BBC ռուսական ծառայություն` այստեղ և այստեղ