«Սրանք ատոմային ռումբ կգցեն, բայց չեն գնա» (տեսանյութ)
Ազատության հրապարակն այսօր վաղ առավոտից ամայի է. այստեղ հերթապահում են 10-յակից ավելի ոստիկանական մեքենաներ; «Ա1+»-ը հարցումներ է անցկացրել Երեւանի փողոցներում՝ փորձելու համար պարզել քաղաքացիների վերաբերմունքը՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի վրա նախօրեին կատարված հարձակման վերաբերյալ: 26 տարի առաջ Հայաստանից հեռացած եւ Իսրայելում մշտական բնակություն հաստատած Ալբերտ Առաքելյանն ասում է, որ այստեղ հաճախ է դժգոհություններ լսում կառավարությունից, սակայն իշխանության դեմ պայքարում ամենակարեւորը միասնականությունն է. «Եթե ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար, ապա բոլորը միասին պետք է պայքարեն»։ Մանկավարժ Ջուլիետա Պետրոսյանի դիտարկմամբ՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է թելադրված լինել դրսից եւ ձեռնտու լինել մեր հակառակորդներին. «Ցավալի է, որ հայը հայի է պատանդ վերցնում, մենք այս ամենին ծանոթ էինք ապրիլյան պատերազմից: Ճիշտ կլիներ մտածեին սահմանին կանգնած մեր տղաների մասին: Ի վերջո կան այլ ճանապարհներ: Բանակցությունների սեղանի շուրջ կարելի է նստել»: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում իր նկարները վաճառող Արթուր Հակոբջանյանն էլ առանձնապես չի հավատում լրատվամիջոցներին. «Ես հավատում եմ իմ գրպանի ունեցածին, եթե իմ գրպանի պարունակությունը զրոյի հասնի՝ գուցե ես էլ ավտոմատը վերցնեմ՝ կրակեմ բոլորին»: Իրավիճակը քաոսային է նկարագրում նկարիչ Ռուբեն Նանասյանը. «Օպերան ամբողջը ոստիկաններ են, ժողովուրդն այստեղ չի գալիս, վախենում են: Ամեն դեպքում, կողմերը համաձայնության պետք է գան, կառավարությունն ամեն դեպքում ուժեղ է», - ընդգծեց նկարիչը: Որ կատարվածը Հայաստանում լուրջ փոփոխությունների կհանգեցնի՝ հարցվածներից գրեթե ոչ ոք չի հավատում, սակայն բոլորն էլ համակարծիք են՝ իրավիճակից կարելի է դուրս գալ միայն փոխզիջումների ճանապարհով: