Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը ցանկանում է կոռումպացված պաշտոնյաներին տեսնել փողոցում». փոխվարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
vache

«Ես չեմ կարծում, որ Հայաստանից կապիտալի արտահոսքը չափազանց շատ է. դա երբեք այն ծավալները մեզ մոտ չի ունեցել, ինչպես, օրինակ, Ռուսաստանում  կամ այլ երկրներում»,-այս մասին այսօր «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին` փոխվարչապետը նշեց, որ այս առումով կան իրար հակադիր երկու պատկերացումներ. «Երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մարդիկ անմիջապես ուզում են որոշակի պաշտոնյաների տեսնել փողոցում, բայց կա նաեւ համակարգային մոտեցում, որը վերացնում է կոռուպցիոն ռիսկերը»,-նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ կառավարությունն ընտրել է այդ ճանապարհը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, նշանակու՞մ է դա, որ կառավարությունը չի ցանկանում կոռումպացված պաշտոնյաներին տեսնել փողոցում, փոխվարչապետն արձագանքեց. «Կառավարությունը ցանկանում է, բայց կառավարությունը չի ցանկանում ֆետիշացնել դա»: Խոսելով Հայաստանում ներդրումների մասին` փոխվարչապետն ընդգծեց, որ ներդրումներ են արվում նաեւ գյուղատնտեսական ոլորտում, քանի որ կա այդ արտադրանքի պահանջարկ: Նա հավելեց նաեւ, որ ներդրումներ արվում են այս ոլորտում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ Միջին Արեւելքի երկրներից: Միեւնույն ժամանակ Վաչե Գաբրիելյանը փաստեց, որ հիմա ներդրումների լավագույն ժամանակները չեն՝ թե տարածաշրջանային, թե տնտեսական եւ  թե աշխարհաքաղաքական զարգացումների առումով: