Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինծառայողի տունը մնացել է առանց տանիքի (տեսանյութ)

Քաղաքականություն
ktur

3-րդ գյուղի բնակչուհի Սիրանույշ Մովսեսյանի տան կտուրը երեկվա ուժեղ քամուց հայտնվել էր փողոցի կենտրոնում՝ փակելով ամբողջ ճանապարհն ու առանց ծածկի թողելով ամբողջ տունը: Տիկին Սիրանույշը ցույց է տալիս տան պատերն ու առաստաղը, որոնք անձրեւից ու կարկուտից ամբողջովին խոնավացել էին: «Երեկոյան տանը միայնակ նստած էի, այն եմ հիշում, որ լույսերը հանգան ու ուժեղ շրըխկուն լսեցի: Խառնվել էի իրար՝ չգիտեի՝ ինչ անել, ոնց անել այդ անձրեւ-կարկուտին»,- պատմում է տիկին Սիրանույշն՝ ասելով, որ շատ է վախեցել աղմուկից: Սիրանույշ Մովսեսյանը թոշակառու է, նրա որդիներից մեկը զոհվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ միակ որդին՝ Մարտին Դավթյանը, դիմել է բոլոր պատկան մարմիններին՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարությանը, Երեւանի քաղաքապետարան, ԱԻՆ «911» ծառայությանը ու բոլոր դեպքերում եղել է անորոշ պատասխաններ: «911» ծառայությունից եկան, ասացին, որ սա իրենց ոլորտը չէ, իսկ մյուսներից ոչ մեկ չի գալիս գոնե տեսնելու, թե ինչ է կատարվել, ինչ վիճակ է: Մեկ միլիոն դրամից ավելի ծախս էի արել, հիմա ո՞վ է ինձ օգնելու»,- սրտնեղում է Մարտին Դավթյանը: ktur4 ktur1 Ի դեպ, կտուրը շուռ է եկել էլեկտրասյան վրա՝ վնասելով թե էլեկտրական լարերը՝ մի ամբողջ օր հոսանքազրկելով թաղամասը, թե գազի խողովակները, որոնք այսօր արդեն վերանորոգում էին: Աջափնյակի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հին տանիքը փոխարինելու համար թաղապետարանից Սիրանույշ Մովսեսյանը ստացել է թույլտվություն. «Սակայն կար չափերի խախտումներ, որն ապօրինություն է, տանիքն ամբողջությամբ ավարտած չի եղել, տեխնիկական ամրացման խնդիրները ճիշտ չեն կատարել եւ ուժեղ քամուց պոկվել է: Այս հասցեի բնակիչները երեկ մեզ մոտ էին, եւ թաղապետն ընդառաջել է ու այդ մարդիկ շատ շնորհակալ գնացել են»: ktur2 ktur3 Պարոն Ալոյանը նաեւ նշեց, որ իրեն աջակցությունը եղել է այն, որ թաղապետարանի միջոցներով ՀԷՑ-ից խումբ է ուղարկվել՝ վերականգնելու էլեկտրասյունն ու լարերը, ինչպես նաեւ՝ Գազի վարչությունից են եկել՝ գազի խողովակներն ամրացնելու համար. «Մենք կտուրի համար համապատասխան շինանյութ չունենք, իրենք չեն էլ ուզել, իսկ մենք բանվորական ուժ չունենք. մեր բոլոր աշխատանքները մրցույթով են արվում»: