Մեր Սահմանադրական հանրաքվեները (տեսանյութ)
1995-ի հուլիսի 5-ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրության հանրաքվեում քաղաքացիներից պահանջվում էր նույն պատասխանը, ինչ Հայաստանի անկախության հանրաքվեի ժամանակ՝ այո կամ ոչ: Նախագիծը քվեարկության էր դրվել հետեւյալ հարցադրումով՝ համաձ՞այն եք ընդունել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Առաջին Սահմանադրությամբ Հանրապետության նախագահ պետության առաջին գլուխն էր՝ նշանակում եւ ազատում էր վարչապետին, արձակում էր խորհրդարանը, նշանակում էր Սահմանադրական դատարանի անդամներին ու նախագահին, գլխավոր դատախազին բոլոր ատյանների դատավորներին եւ դատարանների նախագահներին: Քվեարկելու իրավունք ունեցողների թիվը ավելին էր 2 միլիոն 100 հազարից: Քվեարկությանը մասնակցեց 1 միլիոն 200 հազարը, որից 828 հազարը քվեարկեց կողմ, այսինքն, «այո» ասեց առաջին Սահմանադրությանը: ԿԸՀ ընդդիմադիր անդամները հրաժարվում են ստորագրել հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրությունը: Ըստ նրանց, Սահմանադրությունն ընդունվել էր խախտումներով: Հանրաքվեից հետո զինված ճանապարհով հեղաշրջում կատարելու մեղադրանքով ձերբակալվեցին Դաշնակցության վերնախավի դեռեւս ազատության մեջ գտնվող վերջին անդամները Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ: Սահմանադրությունը շրջանառության մեջ մտավ առանց փողոցային ցնցումների: 1998-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխարինած Ռոբերտ Քոչարյանը խոստացավ փոխել իր նախորդի օրոք ընդունված Սահմանադրությունը: 2003-ի մայիսի 25-ին, ըստ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի, հանրաքվեին մասնակցեց 1 միլիոն 216 հազար ընտրող: Հանրաքվեն համարվեց տապալված, քանի որ այն քիչ էր ընտրելու իրավունքն ունեցողների ընդհանուր թվի մեկ երրորդից: Ռոբերտ Քոչարյանը չնահանջեց: 2 տարի հետո նոյեմբերի 27-ին նա նախաձեռնեց Սահմանադրական փոփոխությունների նոր հանրաքվե եւ քվեարկողների տոտալ բացակայության պայմաններում անձամբ ընդունված համարեց իր Սահմանադրությունը: Ըստ ԿԸՀ-ի, քվեարկությանը մասնակցել էր Հանրապետության բնակչության ուղիղ կեսը՝ մեկ միլիոն 514 հազար մարդ: Նրանցից ընդամենը 100 հազարն էր դեմ եղել փոփոխություններին: Չորրորդ հանրաքվեն տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանին հաջորդած Սերժ Սարգսյանի օրոք: Վերջինիս չհերիքեց իր նախորդի ագահությունը փոփոխություններին կողմ քվեարկողների թիվը մեկ միլիոնի հասցնելու առումով: Ավելին, այս անգամ ընդդիմությունը ժողովրդին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել եւ դեմ քվեարկել նախագահական համակարգից խորհրդարանական կառավարման անցնելուն ուղղված նախագծին: ԿԸՀ-ի տվյալներով, նախագծին կողմ արտահայտվեց 825 հազար մարդ: Հայաստանի Սահմանադրություն ունենալու եւ ունեցածը բարեփոխելու բոլոր հանրաքվեներից անկախ Հայաստանի 25 տարիների ընթացքում լեգիտիմ ճանաչվեց միայն 2003-ի մայիսի հանրաքվեն, որտեղ ժողովուրդը դեմ եղավ Ռոբերտ Քոչարյանի նախագծին: