«Հիմնադիր խորհրդարանը» զինավարժություններ է անցկացնելու (տեսանյութ)
Ինքնակազմակերպվելու խնդիրը հրամայական է մեզ համար. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Պավել Մանուկյանը՝ ընդգծելով, որ կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի տեսակն անհրաժեշտություն է, որը կարող է մեր նավը դուրս բերել խութերից. «Մինչդեռ արժանավորներին իշխանությունները լցնում են բանտերը: Ժիրայր Սեֆիլյանն առեղծվածային ձեւով հայտնվեց բանտում: Մեր իշխանավորները անգլուխ ձիավորների նման պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդի դեմ»: Իսկ «Հիմնադիր խորհդարանի» մեկ այլ անդամ՝ Արմեն Ղամբարյանի խոսքերով՝ ապիկար իշխանություններին հեռացնելու համար դիմադրական շարժում պետք է սկսենք, մասնավորապես կամավորական շարժման կազմակերպումը շարունակվում է: «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը եւ ՇԱԳԱՄ վարչությունը «Հայաստանյան զարգացումները աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների համատեքստում» ԴՈՍԱՖ-ում ուսումնական վարժանքներ է անցկացնելու, որի համար արդեն ցուցակագրվել են թե իգական, թե արական սեռի կամավորներ: Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների խոսքերով՝ լինելու են սպայական դասընթացներ, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան զենք-զինամթերքին: Նման ուսումնական վարժանքների համար պատճառաբանությունը, ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի, հետեւյալն է՝ այնպիսի իրավիճակ է առաջացել, երբ պետությունն իր հիմնական գործառույթից՝ իր ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումից հրաժարվում է. «Ոչ միայն հրաժարվում է, այլեւ ներքին ճակատ է բացել պետության հանցավոր անգործության դեմ ճակատ բացած, ինքնակազմակերպում անող ուժերի ու անհատնեի դեմ: Պետության անունից հանդես եկող վարչախումբը, որը խաբեությամբ է յուրացել իշխանությունը, օտար ուժերի հետ միասին դավադրական մի գործողություն է սկսել՝ Արցախը հանձնելու դիմաց իր իշխանությունը շարունակելու համար: Պետք է ժողովուրդը վերականգնի իր կամքը երկրում ու իր շահերով առաջնորդվող կառավարութուն ունենա: Առաջին քայլը ապստամբության իրավունքի իրացումն է, որը այս իշխանությունները փորձում են արմատախիլ անել՝ այն ներկայացնելով որպես առանձնապես ծանր հանցագործություն՝ փորձելով հնազանդեցնել, զսպել ժողովրդին: Այս հանցավոր իշխանության ձեռքով մենք ուղղակի կառափնարան ենք գնում»: Իսկ Պավել Մանուկյանի խոսքերով՝ սա նվազագույն ծրագիրն է. «Մենք մտադիր ենք մեր գործողություններն անգամ շատ խորք տեղափոխել՝ մինչեւ թշնամուն ծնկի բերել: Այդ գործողությունները մենք անելու ենք ՀՀ բանակի հետ միասին: Բանակի ղեկավարությանը դիմել ենք ու էլի դիմելու ենք: Պաշտպանության նախարարի հետ խոսել եմ հեռախոսազանգով դեռ ապրիլյան դեպքերի ժամանակ, սակայն նախարարն ասել է՝ ոչ, քանի որ ծանրաբեռնված է, զբաղված է եւ թե դա ինքնագործունեություն է»: Ի դեպ, նա նաեւ հայտարարեց, որ իրեն հետ չի պահի անգամ իր եղբոր՝ Թաթուլ Մանուկյանի կալանավորումը: Պավել Մանուկյանի վստահեցմամբ՝ իր համար հայրենիքն առավել կարեւոր է ու հանուն հայրենիքի նրան ոչինչ եւ ոչ ոք հետ չի կանգնեցնի: Վարուժան Ավետիսյանը նաեւ ավելացրեց՝ եթե շփման գծում իրավիճակն այնքան սրվի, որ արդեն լինել-չլինելու խնդիրն առարկայական դառնա, ապա ժողովուրդը, հանուն ինքնապաշտպանության, կարող է ապստամբության իրավունքից օգտվել. «Մոբիլիզացվող ժողովրդին չի կարող որեւէ բանդա խանգարի: Եթե այդ ծայրահեղ իրավիճակում մենք չգնանք ապստամբության, ապա հերթական անգամ ցեղասպանույան կենթարկվենք»: «Հիմնադիր խորհդարանի» մեկ այլ անդամ՝ Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ Արցախի անվտանգությունը ավելի է վտանգվում, եթե չկա ընդվզում. «Ինչպես ասում են՝ լռությունը չօգտագործված փամփուշտներ են. եթե դրանք չեն օգտագործվելու, ապա դրանք քո դեմ են օգտագործվելու: Երբ լինի հողերի վերադարձ, այն ժամանակ կլինի զինված ապստամբություն»: