Պետական տոնի կազմակերպման գումարը՝ Պավել Սարգսյանի գրպանից (տեսանյութ)
Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը Երևանում տոնական միջոցառումներ կանցկացվեն։ 18։00-ից սկսած կփակվեն փոքր Կենտրոնի մի քանի փողոցներ։ Ազատության հրապարակում Կարմիր օդապարիկ բաց թողնելուց հետո միջոցառման մասնակիցները դրոշներով քայլերթի դուրս կգան Կենտրոնի փողոցներով։ Միջոցառումների կազմակերպիչ, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը նշում է, որ Ազատության հրապարակում քայլերթից հետո կսկսվեն որոշ ցուցադրություններ Պաշտպանության նախարարության, ոստիկանության նվագախմբերի, «Երևանյան թմբկահարներ» խմբի կողմից, այլ խմբեր ևս կներկայացնեն որոշ ցուցադրություններ։ Դրանից հետո կսկսվի փոքրիկ համերգային ծրագիր։ Պավել Սարգսյանի խոսքով՝ միջոցառումները ֆինանսավորվում են անձամբ իր գրպանից, պետությունը որևէ հատկացում չի արել։ 2010 թվականից, ըստ պրն Սարգսյանի, իրենց կազմակերպությունը պայքարում է պետական խորհրդանիշների սխալ գործածման, աղավաղման դեմ։ Ամենից շատ նման դեպքերի իրենք հանդիպել են պետական հիմնարկներում. «Քանի որ առավել հաճախ պետական հիմնարկներն են օգտագործում խորհրդանիշներ, խախտումներն էլ առավել այդ հատվածում են լինում։ Օրինակ՝ դրոշները պատշաճ ձևով ներկայացված չեն լինում, հատկապես հեռավոր մարզերում մաշված են, պատռված, սխալ չափերի»։ Պավել Սարգսյանի ներկայացմամբ՝ իրենց ջանքերով ավելի քան 50 պետական կայքերից հեռացվել են տարբեր սխալներով արված զինանշաններ։ Ի դեպ, հուլիսի 5-ի միջոցառումների համար օնլայն դրամահավաք է կազմակերպվել, որի միակ մասնակիցը կազմակերպության ղեկավարն է, ով նվիրատվության համակարգի փորձնական գործարկման ժամանակ փոխանցել է 7 500 դրամ։