Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ոչ թե կարգալույծ լինի, այլ գնա իր առեւտրով զբաղվի»

Քաղաքականություն
axoyan

Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն այդպես էլ չեկավ Հայաստան, մասնակցելու՝  Հռոմի պապի մասնակցությամբ միջոցառումներին: «Ոչ մի բանի դեմ չէին կանգնելու եւ ուսանողությունը, եւ մտավորականները, եւ, ինչու չէ, ԱԺ որոշ պատգամավորները, Աթեշյանին կդնեին համապատասխան տեղը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատագամավոր Արագած Ախոյանը: Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո նա նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին՝ նշելով, թե դա հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել։ Այս հանգամանքը թե Պոլսում, թե ՀՀ-ում դժգոհությունների առիթ էր դարձել եւ ստեղծվել էր նախաձեռնությունը, որը պետք է խոչընդոտեր նրա մուտքը Հայաստան: «Պարոն Աթեշյանի, պարոն բառը պատահաբար չեմ ասում՝ նա ինձ համար վաղուց պարոն է եւ կարգալույծ եղած իմ հոգեբանության մեջ: Ամեն ինչ կանենք, որպեսզի նա ոչ թե կարգալույծ լինի, այլ գնա իր առեւտրով զբաղվի: Ամեն ինչ անելու ենք, որ Պոլսում լինեն նոր ընտրություններ»,- ընդգծեց Արագած Ախոյանը: Պատգամավորի տվյալներով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անգամ Մոսկվա չի գնացել. «Նույնիսկ ասվում էր, որ Մոսկվայում պիտի պատարագին մասնակցեր: Մարդիկ ունեինք, ներկա եղան պատարագին ու տեսան, որ չի մասնակցել: Այնպես որ, նա խոշորացույցի տակ էր ու նրան հետեւում էինք»: Պարոն Ախոյանը, որը նաեւ «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ է, Հռոմի պապի այցն ու նրա կողմից Ցեղասպանություն բառի արտաբերումը շատ կարեւոր է համարում. «Միմիայն բարոյահոգեբանական ու խրատական ազդեցություն կունենա: Ցավոք սրտի, հենց հերթը հասնում է տնտեսական սահմանին, բոլորը ձեռքները վեր են բարձրացնում»: Արագած Ախոյանը հույսը չի կորցնում՝ Թուրքիայի օղակը սեղմվում է՝ աշխարհը ավելի ու ավելի է մեծ ճնշումներ է գործադրում այս պետության դեմ, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ։