Ինչպես անել, որ քո փորին երբեւէ չհարվածեն (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի խոսքերով՝ մենք միայն ուժեղ Հայաստան ունենալու դեպքում կարող ենք իսկապես պրոակտիվ հայկական արտաքին քաղաքականություն վարել: «Եթե քո ողնաշարը թույլ է, ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որեւէ մեկը հաշվի չի նստելու: Հաշվի են նստում պինդ, ամուր մեջքի հետ: Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Թեւան Պողոսյանը: ԱԺ պատգամավորի խոսքերով՝ մենք չունենք ուրիշ մեջք, ստիպված մեր մեջքը պետք է մարզենք: «Մեր ողնաշարը եւ մկանները պետք է ամուր լինեն, այդ ժամանակ կպաշտպանենք մեր շահերը, ինչքան էլ ուրիշները ուրիշ ցանկություն ունենան»: Ըստ Թեւան Պողոսյանի՝ բոլոր հարեւանների հետ էլ պետք է կարողանանք մեր հարաբերությունները բարելավել, իսկ այսօրվա Թուրքիայի հետ ձեռնտու է սահմանների բացումը: Իսկ արդյո՞ք Թուրքիայի հետ սահմանի բացումը չի նպաստի ահաբեկիչների մուտքին Հայաստան եւ ահաբեկչություններին: «Դա չի նշանակում, որ սահմաններին չես ունենալու վերահսկողական կետեր: Նույն թուրք-վրացական սահմանը համարյա թե բաց է: Սահմանների բացումը ավելի շատ տնտեսական հնարավորություններ կարող է ընձեռել, քան մտահոգվենք»,- նշեց ԱԺ պատգամավորը: