Պատերազմը չի կարող «կոտրել» արցախցու մատները (տեսանյութ)
«Ղարաբաղ Կարպետ » ձեռագործ գորգերի գործարանում նույնիսկ ապրիլի 2-ի առավոտյան աշխատանքի ռիթմը չի խանգարվել։ «Մեզ ոչ ոք չի վախեցնի»,-ասում է գորգագործուհի Նունե Ավանեսյանը։
Իրենց զգացմունքները կանայք չեն բարձրաձայնում, այլ դնում են հյուսվածքի մեջ։ Նույնիսկ տխրության ամենամեծ պոռթկման պահին մատներով այլ զգացմունք են փոխանցում։ «Հիմնականում սերն է»,- շարունակում է նա։
Տիկին Նունեն մեկ տարի է , որ աշխատում է «Ղարաբաղ Կարպետ » -ում։ Նրա կողքին նստած է դուստրը: Նրանց դեպքում ընդունված օրինաչափությունը խախտվել է։ Անահիտն է մորը սովորեցրել գորգ ու կարպետ գործելու հմտությունները։ «Իմ աղջիկս վարպետ է»,- հպարտանում է մայրը։
Երեք տարվա ընթացքում 20 գորգագործուհիներ 170 հոգու փոխանցել են իրենց արհեստի գաղտնիքները։ Ստեփանակերտից բացի «Ղարաբաղ Կարպետ » ընկերությունը արտադրամասեր ունի Շուշի , Հադրութ, Բերձոր քաղաքներում եւ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Բացի տիպիկ արցախյան գորգերից, այստեղ արտադրվում են այլ տիպի եւ ոճի գորգեր։ Ընկերության տեխնոլոգ Հասմիկ Գրիգորյանը հպարտանում է՝ թելի մշակումից մինչեւ վերջին հանգուցակապը գործարանում է արվում։
Ի դեպ, Հասմիկը ծնունդով Երեւանից է։ Ասում է՝ սկզբում դժվար է եղել Ղարաբաղի բարբառը հասկանալ, հիմա արդեն ոչ միայն հասկանում է, այլեւ խոսում։
Մանրամասները՝ տեսանյութում
