Հոգեբուժարաններում արտագնա նիստեր կանցկացվեն
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարել։ Այն միտված կլինի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ վարույթի ժամանակին իրականացման ապահովման նպատակով։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է երկու հիմնական փոփոխություն։
Անձի՝ դատական նիստին մասնակցելու իրավունքի ապահովում։ Այսինքն՝ նախատեսել հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն այն դեպքերում, երբ անձի հոգեկան առողջական վիճակով պայմանավորված հնարավոր չէ նրան դատարան ներկայացնել։ Սա հնարավորություն կտա դատավորին անմիջականորեն հաղորդակցվել անձի հետ, գնահատել նրա հոգեկան վիճակը եւ ապահովել լսված լինելու ու արդար դատաքննության իրավունքները։ Շատ են եղել դեպքեր, երբ քննարկվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ բժշկական հսկողության ժամկետը երկարաձգելու հարցը, սակայն նիստին վերջինիս մասնակցությունը չի ապահովվել: Դատարանը հիմք է ընդունել հոգեբուժական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն հոգեկան առողջության խնդրով պայմանավորված անձի վարքագիծը անկանխատեսելի է, ուստի վերջինիս ներկայությունը դատական նիստին նպատակահարմար չէ։ Փաստացի դատարանը հնարավորություն չի ունեցել անձամբ դիտարկել եւ սեփական կարծիք ու համոզմունք ձեւավորել անձանց նկատմամբ։
Նախագիծը միտված է լուծելու երկու հիմնական խնդիր՝ անձի դատավարական մասնակցության ապահովման եւ բժշկական հարկադրանքի վարույթի անհարկի ձգձգումների կանխման։