ՀՀԿ պատգամավորը դեմ քվեարկեց վարկային համաձայնագրին
ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. նոյեմբերին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այն ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, որը համաձայնագրի շրջանակներում հանդես է գալիս հին պաշտոնով՝ Ֆինանսների նախարարի տեղակալ: Համաձայնագրով 25 տարի ժամկետով ՀՀ-ին է տրամադրվում 21 մլն ԱՄՆ դոլար, որից յոթ մլն դոլարը կհատկացվի տեղեկատվական բազայի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ամբողջովին արտացոլել պետության պարտավորություններն ու ակտիվները: Պարոն Միրումյանի ներկայացմամբ՝ այս նպատակով եւս ութ մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրվի ՌԴ Ֆինանսների նախարարության կողմից: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց՝ եթե ՌԴ-ն հրաժարվի դրամաշնորհից, ի՞նչ կլինի այդ պարագայում: Վախթանգ Միրումյանը վստահեցրեց, որ ամեն դեպքում ծրագիրը կիրականացվի. «Սակայն չի հրաժարվի: Ես կողմ չեմ քվեարկելու, սակայն կարեւորում եմ այս ծրագրի կարեւորությունը»: Թե ընդդիմադիր, թե իշխանության պատգամավորներին մտահոգում էր հերթական վարկի ստացումը: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց՝ արդյոք մեր բյուջեի պարագայում անհրաժե՞շտ էր հերթական վարկ վերցնելը, արդյոք դա չի՞ մեծացնելու մեր վարկային պարտավորություններն ու պետական պարտքը. «Մեր ազգային անվտանգությունն է վտանգվում»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց՝ ո՞րն է լինելու այս վարկի արդյունավետությունը մեզ համար, ի՞նչ շոշափելի արդյունքների ենք հասնելու. «Եվ, ի վերջո, 25 տարի անց ո՞վ է պատասխան տալու այս վարկի համար, նրա արդյունավետ գործածության համար, թե՞ սա ընդամենը պահի խնդիր է լուծում: Նաեւ ուզում եմ իմանալ՝ 2045թ. որքա՞ն է կազմելու տոկոսների ամբողջական գումարը»: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նկատեց խորհրդատվության ծախսերի, ուսուցումների համար արդյոք անհրաժե՞շտ է այդքան գումար տրամադրել՝ վարկի 1/6-ը կամ մոտավորապես 100 հազար դոլար. «Ես ինքս աշխատել եմ միջազգային կառույցներում ու գիտեմ՝ ինչպես են գրվում այդ տողերը, սակայն եթե մի պահ այդ ամենը պատկերացնեք ձեր ընտանիքի բյուջեի վրա, կհասկանաք՝ ինչ ահռելի ծախս է դա: Ես առաջին անգամ եմ իմանում, որ մեր երկրում գործում է «Պետական հատվածի արդիականացման» հանձնաժողով. ե՞րբ է հանձնաժողովն իր վերջին նիստն անցկացրել: Եվ նաեւ, այդպես էլ չհասկացա՝ ինչ կապ ուներ այս համաձայնագրի հետ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը: Պարոն Միրումյան, պատրաստ եղեք, որ ԱԺ լիագումար նիստում սա քննադատվելու է ու յուրաքանչյուրն իր խղճի մտոք է քվեարկելու: Ես դեմ եմ քվեարկելու: Սա պետական պարտք է դառնում, մենք ՀԿ չենք, որ դրամաշնորհ լինի: Ես կարծում եմ, որ սա ոչ թե վարկ պետք է լինի, այլ համաֆինանսավորում»: Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ չի հիշում, թե «Պետական հատվածի արդիականացման» հանձնաժողովը երբ է վերջին անգամ նիստ անցկացրել: Նա նաեւ ավելացրեց, որ այս վարկային ծրագիրն անհրաժեշտ է, քանի որ շուտով անցնելու են բյուջետային ծրագրավորմանը ու այս տեղեկատվական բազայի գործարկումը խիստ անհրաժեշտ է: ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը վարկային համաձայնագրին քվեարկությամբ դրական եզրակացություն տվեց, ու այն մտավ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: Դեմ քվեարկեցին պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Սամվել Ֆարմանյանը: