Լեւոն Արոնյանը անվստահ խաղաց Պյոտր Սվիդլերի հետ (տեսանյութ)
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը հերթական կես միավորը վաստակեց Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Այսօր կայացած 4-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Լեւոն Արոնյանը, ի տարբերություն նախորդ պարտիայի, շատ անվստահ հանդես եկավ, միջնախաղում անզգուշորեն զինվոր կորցրեց, որից հետո սկսեց մտածել միմիայն պաշտպանության մասին: Պյոտր Սվիդլերը փորձեց թվային առավելությունը վերածել նաեւ դիրքայինի, սակայն երկարատեւ դեգերումներից հետո հասկացավ, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Ի վերջո, 68-րդ քայլից հետո սպիտակները համաձայնեցին խաղաղ դաշն կնքել: Լեւոն Արոնյանը երրորդ ոչ-ոքին արեց մրցաշարում, վաստակեց 2,5 միավոր եւ բարձրացավ 2-րդ տեղ, քանի որ իրեն համաքայլ ընթացող Սերգեյ Կարյակինի եւ Վիշվանաթան Անանդի միջեւ կայացած պարտիան ավարտվեց առաջինի հաղթանակով, որն էլ 3 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վաղը նախատեսված են 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով պետք է մրցի Ֆաբիանո Կարուանայի հետ, որն իր ակտիվում 1,5 միավոր ունի, սակայն այս պահին հաջողությամբ է խաղում Վեսելին Թոփալովի հետ: